Բացել լրահոսը Փակել լրահոսը
74586040_406694323616099_8503670173859840_n
A A
Հասարակություն

«Արայիկ Հարությունյանն ինչպես եկել է, այնպես էլ ոտքով գնալու է»․ ուսանողները դասադուլ են անում (տեսանյութ)

Այսօր ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի շենքում մի խումբ ուսանողներ դասադուլ էին անում։ Նրանք դեմ են բուհերում հայոց լեզու, գրականություն և պատմություն առարկաները պարտադիրների շարքից հանելու վերաբերյալ ՀՀ ԿԳՄՍ օրենքի նախագծին։ Նրանք կոչ էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին հեռանալ պատվով, քանի դեռ ժամանակ կա․ «Ինչպես որ եկել է այնպես էլ ոտքով գնալու է»,- վանկարկում էին ուսանողները։

Դասադուլի մասնակից, ԵՊՀ 4-րդ կուրսի ուսանող, «Կամք» նախաձեռնության անդամ Գևորգ Գյուլումյանն ասում է՝ իր տպավորություն է, թե նախարարը դեմ է ամեն հայկականին։

Միաժամանակ ասում է՝ բողոքի ակցիան նախաձեռնել են իրենք՝ ուսանողները։ Նա վստահ է՝  նշված առարկաների՝ պարտադիրների շարքից հանելու արդյունքում կնվազի մարդկանց գրագիտության աստիճանը։

«Նախաձեռնությունը մերն է, դրսից որևէ մեկը մեզ չի ուղղորդել․ քաղաքական որևէ ուժ, հասարակական կազմակերպություն, նման բան չկա։ Դպրոցներում հայոց լեզուն այնքան էլ լավ չեն անցնում, հիմա եթե դպրոցից թերի իմացությամբ մարդը գալիս է ընդունվում է համալսարան և այստեղ էլ հայոց լեզուն չի սովորում, ո՞նց եք պատկերացնում»,- նշում է ուսանողը։

Նրա խոսքով՝ թող սկզբում դպրոցներում խորացնեն առարկաների  ուսուցումը, իրենք տեսնեն մի քանի տարվա խորացված ուսուցման արդյունքը։ Միայն այդ դեպքում իրենք էլ կողմ կլինեն նախագծին։

ԵՊՀ Ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը ևս մասնակցում էր ակցիային։ Նա նշեց՝ շաբաթներ առաջ գիտական խորհրդում քննարկել են օրենքի նախագիծն ու բացասական գնահատական են տվել ողջ նախագծին։

 «Ակնկալում էինք, որ նախարարին կտեսնենք գիտական խորհրդի նիստին, որտեղ որ քննարկվում էր այս օրենքի նախագիծը, թեկուզ հարց ու պատասխանի միջոցով փորձեինք հասկանալ տվյալ քայլի հիմնավորումները, բայց նրանք չեկան»,- ասաց Դավիթ Ափոյանը։
Ուսանողների հետ բողոքի ակցիային մասնակցում էին նաև համալսարանի դասախոսները։

ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս Արշալույս Գալստյանը նշեց՝ ինքն եկել էր աշխատանքի, ուսանողների հետ խոսեց, հասկացավ, որ դասադուլի շարժառիթը քաղաքական չէ և որոշեց միանալ ուսանողներին։

 «Սա ուսանողների ինքնաբուխ պահանջն է, նաև մեր․ հասկանալի է, որ խնդիրը հայոց լեզու և պատմություն առարկաների պարտադիր բաղադրիչը հանելն է։ Ես ինքս ուսանողների հետ եմ և կարծում եմ, որ մեզ համար իսկապես սկզբունքային, էական նշանակություն ունի՝ հայոց լեզուն ուսուցանվում է պարտադիր, թե մենք դա թողնում ենք կամընտրական՝ ֆակուլտետների և բուհերի հայեցողությանը»,- ասաց դասախոսն ու ավելացրեց, որ արդյունքում ֆակուլտետները 1-2 տարվա ընթացքում օբյեկտիվ պատճառներով հայոց լեզուն, գրականությունը և պատմությունը փոխարինելու են իրենց մասնագիտական առարկաներով։

Նրա կարծիքով՝ գուցե այդ քայլն արդարացված լինի մասնագետ պատրաստելու համար, բայց հետագայի համար, երբ որ մեր ազգային ինքնությունը պահպանելու խնդիր լինի՝ այս քայլը կործանարար հետևանքներ կունենա։

Նա նշեց՝ «Ես ուսանողների հետ եմ»։

հեռարձակումը՝ News.am-ի