Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Եթե հարկատուներին հարցնեինք, բացի ռաբիս երաժշտությունից՝ ուրիշ մշակույթ չէինք ունենա․ Ռուբեն Բաբայան (տեսանյութ)

Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը նախանձով է նայում վերջերս հանրության մեջ մեծ աղմուկ բարձրացրած «ՀուԶանք ու զանգ» պերֆորմանսին, ասում է՝ մոտ 30 տարի է՝ ներկայացումներ է անում, ոչ մի ներկայացում այդքան ուշադրության չի արժանացել մեր երկրում։

«Անկեղծ նախանձեցի և շարունակում եմ նախանձել։ Խոսքերը ոչինչ չեն նշանակում։ Կարելի է ասել, որ պահպանում ես ավանդական արժեքները, բարոյականությունը և հարձակվել երիտասարդ աղջիկների վրա, բռություն գործադրել  և այլն։ Ինչպես է դա համատեղվում, ես չեմ հասկանում»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց Ռուբեն Բաբայանը։

Ասում է՝ բնական է, որ մինչ ֆինանասավորումը նախարարությունից ոչ ոք չէր տեսել ներկայացումը, ֆինանսավորում են, որպեսզի տեսնեն։ Անդրադառնալով այն քննարկումներին, թե ինչի վրա է ծախսվել ԿԳՍՄ նախարարության կողմից տրամադրված 2,7 մլն դրամը՝ արվեստագետն ասաց․

«Եթե մենք հարկատուներին հարցնենք, թե ձեր փողն ինչի վրա եք ուզում ծախսել, բացի ռաբիս երաժշտությունից՝ ուրիշ մշակույթ չէինք ունենա։ Մեր հիմնը կդառնար «Անապատի արև»-ը։ Մշակույթի հարցերը չեն լուծվում մեծամասնությամբ։ Կրթական և մշակութային հարցերը պահանջում են նաև որոշակի բռնատիրական մեթոդներ»։

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը կարծում է՝ ձևակերպումը, թե
կարո՞ղ է արդյոք արվեստը բացարձակ ազատ լինել, գրեթե նույն միտքն է, որ ասենք՝ պե՞տք է արդյոք մարդու միտքն ազատ թողնել։

«Ուզենք, թե չուզենք, այդ ազատությունը կա։ Եթե հրապարակային էլ չկա, ապա կա մեկուսի, կա միմյանց հետ զրուցելիս, կա արվեստանոցում։ Քննարկման խնդիրն այն է, որ եղած ազատությանը պետությունը չի խառնվում, քանի դեռ դա հանրային չէ, բայց հենց դուրս է գալիս հրապարակ, պետությունը խառնվում է»։

Ազգագրագետն ավելացնում է՝ եթե իշխանությունն ինչ-որ բաներ պետական միջոցներից ֆինանսավորում է, դրանով կարծես տալիս է հավանություն այդ ուղղություններին։ Իսկ ինչ վերաբերում է հանրության կողմից վերոնշյալ ներկայացմանը հավանություն չտալուն՝ Հրանուշ Խառատյանն ասաց՝ հանրային հրապարակը հասարակության բոլոր անդամների համար է, և պարտադիր չէ, որ այդտեղ տեղի ունեցողը բոլորին հավասարաչափ դուր գա։


«ՀուԶանք ու զանգ» ներկայացման վերաբերյալ քննարկմանը պետք է ներկա լիներ նաև ՀՀ ԿԳՍՄ նախարարի տեղակալ Նարինե Խաչատրյանը։ Վերջինս, սակայն, քննարկումից մեկ ժամ առաջ հայտնեց՝ առողջական խնդիրների պատճառով ներկա չի լինի։