Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը գրավի դիմաց փոխելու վերաբերյալ որոշումը կհրապարակվի նոյեմբերի 7-ին (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում ընթանում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։

Նախքան նիստի սկսվելը Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, լրագրողների հետ զրույցում նշեց, որ տարիներ շարունակ իրենց ընտանիքի մասին սխալ տեղեկատվություն է տարածված եղել, այդ իսկ պատճառով իրենք իրազեկման ակցիաներ են իրականացնում Հայաստանի շրջաններում:

Լևոն Քոչարյանը ողջունեց նաև, որ Արցախի Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի, Արցախում իրականացնում է ստորագրահավաք։

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ, թե Ռոբերտ Քոչարյանը ի՞նչ վիրահատություն է տարել, ինչին Լևոն Քոչարյանը պատասխանեց․

«Շատ չմանրամասնեմ, կար փոքրիկ ուռուցք, որ պետք է հեռացվեր, և կարևոր է, որ չարորակ բջիջներ չհայտնաբերվեցին ուռուցքի մեջ»։

Արդեն դատական նիստի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի ընդդիմադիրների և աջակիցների միջև վիճաբանություն սկսվեց, որի պատճառով վեճի մասնակիցներից մեկը հեռացվեց դատարանի դահլիճից։

Հիշեցնենք, որ դատական նախորդ նիստը հետաձգվել էր Ռոբերտ Քոչարյանի բացակայության պատճառով։ Վերջինս վիրահատվել էր, նախորդ դատական նիստի ժամանակ նա գտնվում էր հետվիրահատական փուլում, այդ իսկ պատճառով չէր ներկայացել դատարան։

Այսօր դատական նիստին ներկա են նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը , ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանը բուժման նպատակով հոկտեմբերի 18-ից մինչև նոյեմբերի 4-ը գտնվել է Գերմանիայի Դաշնությունում:

Դատական նիստի սկզբում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները միջնորդություն ներկայացրեցին դատավոր Աննա Դանիբեկյանին գրավի դիմաց Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:

Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը նշեց, որ վերջինիս թաքնվելու հետ կապված պետք է լինեն կոնկրետ փաստական տվյալներ: Նրա խոսքով՝ նյութերից երևում է Ռ․Քոչարյանը եղել է ազատության մեջ չի թաքնվել, այդ իսկ պատճառով հիմք չկա մտածելու որ նա կթաքնվի:

Մեղադրող դատախազները առարկեցին փաստաբանների ներկայացված փաստարկներին:

Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը, անդրադառնալով փաստաբանների ներկայացած փաստարկներին ընդգծեց, որ առկա քննությունից ակնհայտ է, որ առկա է մեղադրյալի թաքնվելու ռիսկ:

«Մենք բազմիցս նշել ենք այն հանգամանքները, որոնցով առկա է թաքնվելու ռիսկ: Կան հանգամանքներ, որոնք փաստում են այդ մտավախությունը, ինչպես օրինակ անձի ռեսուրսները: Նա կապեր ունի ՀՀ-ից դուրս, և դա մեծացնում է հավականությունը նրա՝ քննությունից թաքնվելու և խոչընդոտելու ռիսկը»:

Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակման միջնորդության վերաբերյալ տուժողների իրավահաջորդները և տուժողները ևս հանդես եկան առարկություններով:

Ռոբերտ Քոչարյանն իր խոսքում նշեց` իմաստ չունի կրկնվելու, ինքը համոզված է՝ բոլոր ներկանները գիտեն, որ հիմքեր չկան իրե կալանքի տակ պահելու համար։

«Սա գործընթաց է՝ ինձ թիրախավորելու համար: Հասկանում եմ՝ ինչ վիճակում են հայտնվել դատավորները, կշեռքի վրա է դրվում նրանց արհեստավարժությունը, խիղճը, պետք է հիշեն՝ տանիքը երբ է վերանորոգվել, և դա բերում է դատավորի խոցելիության: Չկա արդարադատություն իմ նկարագրած սխեմայի մեջ: Իմ համար տհաճ է կանգնել այստեղ, համոզել, որ փախչելու և խոչընդոտելու մտադրություն չունեմ, դա իմ կենսագրության հետ չի համապատասխանում: Ես պետք է կրկնեմ, որ չեմ խոչընդոտելու և ամենից շատ եմ շահագրգռված արդար դատավարության մեջ»:

Գրավի միջնորդության վերաբերյալ որոշումը դատարանի կողմից կհրապարակվի նոյեմբերի 7-ին, ժամը 12։00-ին։