Բացել լրահոսը Փակել լրահոսը
75362132_777579362693989_6237406293301133312_n
A A
Հասարակություն

«Ռոլան»-ի ֆիլմերը կցուցադրվեն նաև մանկատներում (տեսանյութ)

Վաղը՝ նոյեմբերի 5-ին, Երևանում կմեկնարկի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 15-րդ միջազգային փառատոնը։  Մայրաքաղաքից բացի, ֆիլմերը կցուցադրվեն նաև Արցախում ու Հայաստանի 7 մարզերում՝  Շիրակում, Լոռիում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արմավիրում,  Արարատում և  Արագածոտնում։

68 երկրից ստացած 1020 ֆիլմերի հայտերից, փառատոնի ծրագրում ընդգրկվել է 210 ֆիլմ։
Ժյուրին կազմված է լինելու բացառապես երեխաներից ու պատանիներից։
Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկիի խոսքով, թեև արդեն 15 տարի է, ինչ փառատոնն անցկացվում է, բայց նկատում է՝ վերջին 3 տարում դրանք ավելի մասշտաբային են դարձել։

«Իհարկե հրաշալի է, որ այս նախագծին մասնակցելու է ամբողջ Հայաստանը։ Ցուցադրություններ են լինելու նաև մանկատներում, ինչպես օրինակ՝ Գավառի մանկատանը»,- նշում է Սերգեյ Ռիբինսկին։

Փառատոնին մասնակցելու համար Հայաստան են ժամանել նաև օտարերկրյա ռեժիսորներ, ֆիլմերի հեղինակներ։ Նրանցից է ֆրանսիացի ռեժիսոր Նիկոլա Բարին։ Նա Հայաստան է եկել կնոջ և 1,5-ամյա որդու հետ, որն, ի դեպ, ըստ «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանի՝ այս տարվա փառատոնի ամենակրտսեր  հանդիսատեսն է լինելու։

Փառատոնին ֆրանսիացի ռեժիսորը ներկայացնելու է «Փոքրիկ Սպիրու»-ի մասին պատմող ֆիլմը։ Սպիրուն կոմիքսների՝ Ֆրանսիայում մեծ ճանաչում ունեցող հերոս է։  Նիկոլա Բարին նշում է՝ ինքը հույս ունի, որ ֆրանս-բելգիական արտադրության ֆիլմը դուր կգա նաև հայ հանդիսատեսին։

«Ես հույս ունեմ, որ հայ երեխաների կողմից լավ կընդունվի։ Ցանկանում եմ նշել, որ ճիշտ է՝ ֆիլմը մշակութային առումով շատ ֆրանս-բելգիական է, բայց ֆիլմը տեղի է ունենում մտացածին թեթև աշխարհում։ Այդ աշխարհն ընտրեցինք նրա համար, որ կարողանանք հեշտությամբ փոխանցել ֆիլմի միտքը, որը հետևյալն է՝ երիտասարդը որոշում է չհետևել իր ընտանիքում ընդունված մասնագիտությանը, գտնել իր սեփական ուղին»,- ասում է ֆրանսիացի ռեժիսորը։
«Ռոլան»-ի Ֆիլմերը ցուցադրվելու են ոչ միայն կինոթատրոններում, այլև դպրոցներում, մանկատներում և այլ վայրերում։

Փառատոնի փակումը կլինի նոյեմբերի 9-ին։