Կամրջի վրա մետրոյի կայարան կառուցելով՝ քամուն են տալո՞ւ գումարները (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵթե Խորհրդային Միությունը չփլուզվեր, ապա 1993թ արդեն շահագործման հանձնված կլինեին Երեւանի մետրոպոլիտենի երկու նոր կայարաններ։ Մետրոյի շինարարությունն իրականացրած «Հայթունելշինտրեստի» իրավահաջորդ «Արթուն» ընկերության ղեկավար Հմայակ Հարությունյանը համարում է, որ օր առաջ պետք է սկսել մետրոյի շինարարությունը, քանի որ շինարարության արժեքն արդեն իսկ ավելացել է մոտ 30 տոկոսով, թեեւ թունելները պատրաստ են։ Մեկ կայարանի կառուցման արժեքը, կոպիտ հաշվարկներով, արդեն կկազմի մոտ 80 մլն դոլար։
Մի քանի օր առաջ Երևանի քաղաքապետարանը հայտարարեց, որ բանակցությունները հասել են մետրոյի «Աջափնյակ» կայարանի և կամրջի նախագծման փուլին: Այս պահին շրջանառության մեջ դրված և ներդրողի հետ քննարկվող նախագծում կայարանը կտեղակայվի Հրազդանի կիրճից դուրս եկող կամրջի վրա՝ ժամանակակից կոնստրուկցիաներով: Հմայակ Հարությունյանը նույնիսկ կողմ է այս տարբերակով կայարանի կառուցմանը, միայն թե շինարարությունը սկսվի։ «Կամուրջը գոնե կառուցվի»,-ասում է նա։ Չնայած, շեշտում է, կամրջի վրա մետրոյի կայարանի կառուցումը չի կարող վերջնական լինել։ Նա նաեւ համաձայն է Երեւանի վերջին գլխավոր հատակագծի հեղինակ եւ ղեկավար Գուրգեն Մուշեղյանի հետ, որ կայարանի նոր տեղը սխալ է ընտրված եւ շատ քչերը կօգտվեն։ «Նայեք քարտեզը, որտեղ է առաջարկվում կայարանը, որտեղ է կենտրոնացած բնակչությունը»,-ասում է Գուրգեն Մուշեղյանը։ Նա սոցհարթակներից է տեղեկացել «Աջափնյակ» կայարանի՝ օրերս շրջանառվող էսքիզներին, պնդում է, որ սա ավելի շատ կծառայի առեւտրի կենտրոն, քան կթեթեւացնի ուղեւորահոսքը; Երեւանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը հայտարարել էր․ «Ներդրողի հետ ունենք նախնական համաձայնություն, որ կֆինանսավորի հենց նախագծային փուլից՝ նախագիծ-նախահաշիվը կազմելու համար: Հետագայում կքննարկվի դրա արդյունքում ձևավորված գնի շրջանակներում մետրոյի կայարանի շինարարության հարցը՝ կայարանի վերջնակետում կառուցվող մոլի և բիզնես կենտրոնի համատեքստում՝ որպես ներդրողին առաջարկած բիզնես մոդել»:
Որոշ տեղեկություններով՝ ներդրողի հետ քննարկվում է նաեւ 22 հարկանի շենքի կառուցումը որպես բիզնես մոդել։
Գուրգեն Մուշեղյանը հույս ունի, որ մետրոյի կայարանը կառուցելու համար, որը նաեւ իշխող ուժի նախընտրական խոստումներից մեկն է, եւս մեկ անգամ չի խաթարվի մայրաքաղաքի տեսքը։ Կայարանի համար առաջարկվող նոր տեղը Երեւանի քաղաքի հատակագծում չկա․ «Եթե փոխում ենք, պետք է լինեն հիմնավորումներ․ հիմա այդ հիմնավորումները կան, թե՞ չկան։ Հիմնավորումը միայն այն է, որ մարդ կա, որ ֆինանսավորո՞ւմ է, թե՞ անհրաժեշտ է անպայման մետրոն կառուցել կամրջի վրա»,- ասում է ճարտարապետը։ Մանրամասները՝ տեսանյութում