Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Ադրբեջանին. Շախմատի ԵԹԱ (տեսանյութ)

Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում կպայքարեն 3-րդ տեղերի համար:

 

Այսօր կայացել են նախավերջին՝ 8-րդ տուրի հանդիպումները: Մեր տղամարդկանց ընտրանին 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց Ադրբեջանի ազգային թիմին և վաստակեց 11 միավոր: Հաղթական միավորը վաստակեց Արման Փաշիկյանը: Այժմ մերոնք ընդամենը մեկ միավորով են ետ մնում 3-րդ տեղում ընթացող Անգլիայի հավաքականից:

 

Վերջին տուրում Հայաստանի հավաքականը կհանդիպի Հունաստանի հետ, որն ունի 10 միավոր և արդեն դուրս է մնացել մեդալների համար պայքարից: Մեր ընտրանին հավակնում է մրցանակային տեղերին, սակայն դրա համար պետք է խոշոր հաշվով հաղթել հույներին և հուսալ, որ առջևում ընթացող Ռուսաստանի, Ուկրաինայի կամ Անգլիայի հավաքականներից մեկը պարտություն կկրի վերջին խաղում:

 

Հայաստանի կանանց հավաքականն այսօր կայացած տուրում պատվավոր ոչ-ոքի խաղաց մրցաշարի ընդգծված առաջատար Ռուսաստանի հետ՝ 2:2: Մեր թիմից հաղթանակ տարավ միայն Աննա Սարգսյանը: Հայաստանը վաստակեց 11 միավոր և բարձրացավ 4-րդ հորիզոնական: մեր ընտրանին այժմ ընդամենը մեկ միավորով է զիջում 3-րդ հորիզոնականում գտնվող Ադրբեջանին:

 

Վաղը կայանալիք 9-րդ տուրում մերոնք հանդիպելու են հենց ադբեջանուհիների հետ: Հաղթանակի դեպքում Հայաստանի կանանց հավաքականը կզբաղեցնի մրցանակային 3-րդ տեղը և կդառնա բրոնզե մեդալակիր: