«Սատանիզմի հիմքով համերգներ չեղարկել այլևս չի լինելու Հայաստանում․ մշակույթի ոլորտում ցենզուրա չի լինելու»
Աջակցիր «Ա1+»-ին«Իմ նախարարության օրոք մշակույթի ոլորտում ցենզուրա չի լինելու։ Սա բոլորը թող ընկալեն»։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի մասին վավերագրական ֆիլմ նկարելուն։
Նշենք, որ ֆիլմը նկարելու համար գումարը հատկացրել է պետությունը։ Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ գումարը տրվել է իրենց իշխանության ժամանակ։
«Եթե գեղագիտական խորհուրդները որոշում են կայացնում, և այդ խորհուրդներում ընդգրկված են անվանի մասնագետներ, և իրենք ասում են, որ տվյալ գործը արժանի է, որպեսզի պետությունը դրան ուշադրություն դարձնի, թեկուզ 10-ը տոկոսով, այդ գեղագիտական խորհուրդների որոշումները ի կատար են ածվելու։ Թող բոլորը սա իմանան։ Սատանիզմի հիմքով համերգներ չեղարկել այլևս չի լինելու Հայաստանում․ արվեստը լինելու է ազատ, որովհետև անկախ պետության կարևորագույն գրավականը ազատ արվեստն է։ Որոշ մարդիկ, որոնք փորձում են քաղաքական դիվիդենտ շահել, իրենց տուրք մի տվեք, որովհետև նրանք հետադիմության առաջամարտիկներ են»,- ասաց նա։