Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սփյուռքահայերը Գառնի-Գեղարդ գնալով չեն զբաղվելու, աշխատելու են պետական օրգաններում․ Զարեհ Սինանյան (տեսանյութ)

Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը պատրաստվում է 2020թ․ բազմաթիվ ծրագրեր իրականացնել Հայաստան-Սփյուռք հարաբերությունները առավել խորացնելու համար։

Դրանցից մեկը Հայաստանի հանրային ոլորտում սփյուռքահայ երիտասարդների պրակտիկայի իրականացումն է, որի համար, ըստ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի, նախատեսված է 90 մլն 240 հազար դրամ։

Այս ծրագրով նախատեսվում է մասնագիտական բարձր որակավորմամբ սփյուռքահայ մասնագետներին Հայաստան բերել։

«Նրանց հմտությունները կնպաստեն նորարարական գաղափարների լայնածավալ հետազոտությունների իրականացմանը, և աշխատանքային փորձը կկիրառվի ՀՀ պետական մարմինների աշխատանքներում»,- ընդգծեց Զարեհ Սինանյանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանին հետաքրքեց, թե սփյուռքահայ երիտասարդները ի՞նչ պարատվորություններ ունեն Հայաստանի նկատմամբ, հաշվի առնելով այն, որ նրանց ծախսերը հոգում է ՀՀ-ն։

«Օրինական պարտավորություն չկա, կա միայն բարոյական պարտավորություն։ Մեր նպատակն է այս քայլով երիտասարդ մասնագետների կյանքի ուղղությունը դեպի Հայաստան շեղելը։ Սա փորձ է մեր կողմից այս մարդկանց առհավետ կապել Հայաստանին, սակայն չկա որևէ երաշխիք, որով կարող ենք այս երիտասարդներին պրակտիկան ավարտելուց հետո գամել Հայաստանին և նրանց ստիպել մնալ Հայաստանում»,- ի պատասխան ասաց Զարեհ Սինանյանը։

Մանե Թանդիլյանին, ըստ էության, պատասխանն այդքան էլ չգոհացրեց, նա շեշտեց՝ լավ գաղափար է, որ նրանք գալիս են, բայց պետք է բացի բարոյականից, պարտավորությունների որոշակի սահման գծել։

«Այդքան գումար ծախսելուց հետո պետք է մենք պետք է ուզենանք, որ նրանց ներմուծած գիտելիքը իրացվի»,- նկատեց Մանե Թանդիլյնաը։

Զարեհ Սինանյանն արձագանքեց․

«Մենք ենք շահագրգռված, որ իրենց բերենք այստեղ, իսկ երբ գան, Գառնի-Գեղարդ գնալով չեն զբաղվելու, աշխատելու են պետական օրգաններում։ Եվ այդ մեկ տարում իրենց գիտելիքը, որը կարող էին այլ կերպ օգտագործել, օգտագործելու են ի շահ Հայաստանի։ Մենք մեր գումարի դիմաց ստանում ենք ակտուալ արժեք։ Մենք ուզում ենք, որ դա լինի շատ ավելի երկար ժամանակով, և սա է հայրենադարձության քողարկված ծրագիրը։ Մենք հույս ունենք, որ այդ մարդիկ կկապվեն Հայաստանին և եթե միանգամից չմնան, ապա ինչ-որ պահ կվերադառնան Հայաստան»։