Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հռոմի քաղաքապետին (տեսանյութ)

Պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 28-ին հանդիպել է Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջիի հետ: Վերջինս Արարատ Միրզոյանին ներկայացրել է քաղաքի զարգացման իր տեսլականը, ինչպես նաեւ Հռոմ քաղաքի առջեւ ծառացած մարտահրավերներին դիմակայելու ուղիները: 
  
Արարատ Միրզոյանը ողջունել է մոտ ապագայում Հռոմի քաղաքապետարանի հետ համատեղ Երեւանի 2800-ամյակին նվիրված համաժողովի անցկացման գաղափարը` համոզմունք հայտնելով, որ Վիրջինիա Ռաջին իր փորձով կնպաստի Հայաստանի մայրաքաղաքի առջեւ կանգնած խնդիրների լուծմանը: 
  
Այցի շրջանակում Արարատ Միրզոյանը նաեւ մասնակցել է Իտալիայում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված Հայաստանի Հանրապետության անկախության օրվան նվիրված ընդունելությանը, որի ընթացքում հայ-իտալական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման մեջ ունեցած ավանդի համար պատվո մեդալներ եւ պատվոգրեր է հանձնել Իտալիայի խորհրդարանի մի շարք պատգամավորների: