«Խրախուսենք, հորդորենք կամ գուցե ստիպենք ընկերություններին գրանցվել». Դ. Գրիզերը՝ իրական սեփականատերերի բացահայտման մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱմերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ԱՄՆ կառավարությունը ՄԶԳ-ի միջոցով աջակցում է Հայաստանի կառավարությանը և քաղաքացիական հասարակությանը տարբեր հարցերում՝ թափանցիկություն առումով և արդյունաբերական ճյուղերի թափանցիկության վերաբերյալ քայլերը միայն ծրագրի մի հատվածն են։
Դեբորա Գրիզերը նշեց, որ ԱՄՆ-ն «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին տրամադրում է ֆինանսական ու փորձագիտական օժանդակություն, բացի այդ՝ նաև զարգացման գործակալությունն օժանդակում է Արդարադատության նախարարությանը ստեղծել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, և այն նոր-նոր ձևավորվող գործընթաց է։
Իսկ կոռուպցիայի բացահայտման և իրական սեփականատերերի վերաբերյալ հարցին պատասխանեց. «Ես այս ոլորտի մասնագետ չեմ, տեխնիկական հարցերին չեմ տիրապետում։ Ասեմ, որ իրական սեփականատերերի բացահայտման միջոցն այն է, որ մենք խրախուսենք, հորդորենք, քաջալերենք կամ գուցե ստիպենք ընկերություններին գրանցվել, որպեսզի հավանական ներդրողներն իմանան, թե ով է տվյալ ընկերության իրական սեփականատերը։ Եվ ըստ դրա կորոշեն՝ ցանկանո՞ւմ են տվյալ երկրում ներդրում անել, թե՞ ոչ»։
Նա հիշատակեց Բաց կառավարման գործընկերության գործադիր տնօրեն Սանջայ Պրադհանի այն միտքը, թե մեծ թվով ներդրողներ շատ ավելի վստահ են իրենց զգում ներդրումներ կատարելիս, երբ գիտեն, թե ովքեր են իրական սեփականատերերը։