Ես ունեմ այն դիրքորոշումը, ինչ դիրքորոշում ունի ինձ նշանակած ղեկավարը․ ոստիկանապետի պաշտոնակատար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՈստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը գնահատական չի տալիս, թե նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանից հետո համակարգը բարելավվե՞լ է, թե՞ ոչ։ Այս մասին Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պարոն Սարգսյանը։
«Յուրաքանչյուր ղեկավար ձգտում է, որ իր ղեկավարած համակարգը մի քայլ առաջ լինի, ես ձգտում եմ մի քանի քայլ առաջ լինի»,- ընդգծեց նա։
Անդրադառնալով նախկին ոստիկանապետ Հովհաննես Քոչարյանին աշխատանքից ազատելուն, Արման Սարգսյանը չցանկացավ մեկնաբանություն տալ, պատճառաբանելով, թե նրան ազատելու վերաբերյալ վարչպետի մամուլի խոսնակն արդեն անդրադարձել է։
Հիշեցնենք, որ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հայտարարել էր, որ Հովհաննես Քոչարյանն աշխատանքից ազատվել է, քանի որ քաղաքական հայտարարություն է արել։
Ավելի վաղ, Հովհաննես Քոչարյանն ասել էր, որ դեմ է Ոստիկանության և ԱԱԾ ղեկավարների պաշտոնը քաղաքական դարձնելու օրինագծին, որը ներկայացրել էր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։ Հարցին, թե իր դիրքորոշումն այդ նախագծի վերաբերյալ ո՞րն է, ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն այսպես արձագանքեց․
«Բնականաբար ես ունեմ այն դիրքորոշումը, որ դիրքորոշումն ունի ինձ նշանակած ղեկավարը։ Ես իմ դիրքորոշումն ունեմ, բայց եկեք, չմոռանանք, որ ոստիկանությունը վարչապետին ենթակա մարմին է»,- ասաց նա։
Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի համոզմամբ՝ Հովհաննես Քոչարյանը պրոֆեսիոնալ կադր և լավ իրավաբան էր։ Սակայն, Արման Սարգսյանը դեմ չէ, որ եթե ապագայում նման օրինագիծ լինի, ապա ոստիկանապետ նշանակվի 25 տարեկան քաղաքացին։ Ավելին՝ Արման Սարգսյանը ճանաչում է այնպիսի 25 տարեկան մարդկանց, որոնք կարող են լինել պրոֆեսիոնալ ոստիկանապետ։
«Ես նորմալ եմ դա համարում և եթե դա որոշվի, որ այդպես է, ապա ես դրա մեջ տրագեդիա չեմ տեսնում»,- ասաց նա ու հավելեց․ «Մի բան վստահեցնում եմ, որ եթե լինի անձ, որն ունենա այն որակները, որոնք անհրաժեշտ կլինեն այս թիմային աշխատանքը կատարելու համար, ուրիշ կերպ չընկալվի, հնարավոր է ոստիկանությունում ծառայող որևէ մեկը անհամեմատ ավելի վատ կատարի, քան մի անձ, որը ոստիկանության գործունեությանը ծանոթ է միայն իրավական ակտերի մակարդակով»։
Լրագրողները ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարից հետաքրքրվեցին նաև, թե կցանկանա՞ մնալ ոստիկանապետի պաշտոնում, ինչին Արման Սարգսյանն արձագանքեց․ «Կանեմ հնարավորը, որպեսզի իմ ծառայողական պարտականությունները կատարեմ բարեխղճորեն և ավելի լավ, բանականաբար, եթե համաձայնել եմ և զբաղեցնում եմ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը, ապա անկասկած կցանկանամ մնալ և շարունակել պաշտոնավարել, բայց դա որոշողը ես չեմ։ Ես միայն բարձր պաստախանատվությամբ իմ պարտականությունները կատարողն եմ, ինչը որ անելու եմ»։
Մանրամասները՝ տեսանյութում։