Նոր իշխանությունը ունի քաղաքական կամք բացահայտելու պետության դեմ կատարված հանցագործությունը. Ս. Դեմիրճյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀոկտեմբերի 27-ի դեպքերի 20-րդ տարելիցի կապակցությամբ Կոմիտասի անվան պանթեոնում վաղ առավոտից բազմաթիվ քաղաքացիներ և բարձրաստիճան պաշտոնյաներ եկել էին իրենց հարգանքի տուրքը մատուցելու և ծաղիկներ խոնարհելու ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանի գերեզմանին։
Այստեղ էին նաև նրա ընտանիքի անդամները, որոնք խունկ ծխեցրեցին նրա շիրիմին։
Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի դեպքերի վերաբացման անհրաժեշտությանը՝ նշեց․
«Գործի վերաբացման համար կա հսկայական հասարակական պահանջ, նույնիսկ 20 տարի անց հասարակական պահանջը էլ ավելի է ուժեղացել։ Դա տեղի էունենում այն պատճառով, որ ժողովուրդը տեսնում է, որ նոր իշխանությունն ունի քաղաքական կամք բացահայտելու պետության դեմ կատարված հանցագործությունը։ Քչերն են հավատում, որ այդ ոճրագործության հետևում այլ ուժեր չեն եղել և մինչ օրս կասկածները դեռ չեն փարատվել և հիմա ավելի է ուժեղացել բացահայտման ամբողջական պահանջը»։
Անդրադառնալով Նաիրի Հունանյան պայմանական վաղաժամկետ ազատ արձակման դիմումին Ստեփան Դեմիրճյանը պատասխանեց․
«Ուզում է դիմում գրի, ուզում է խոսի, չխոսի, նա մինչև իր կյանքի վերջը պետք է անցկացնի բանտում։ Հանցագործություններ կան, որ երբև չեն ներվում և մեր հասարակությունն էլ երբեք նրան չի ների»։