Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հայաստանի բանկերի միություն
A A
Հասարակություն

«Անելիք Բանկից» բռնագանձվել է շուրջ 22 մլն ԱՄՆ դոլար, հօգուտ՝ «Բ․Մ․Լ․ Արզնի» ՍՊԸ-ի

2019 թ սեպտեմբերի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է «ԲՄԼ Արզնի» ՍՊԸ-ն և նույն ՍՊԸ-ի սնանկության կառավարիչն ընդդեմ «Անելիք Բանկի» գործով վճիռը, որով բավարարել է հայցը և վճռել  հօգուտ «ԲՄԼ Արզնի» ընկերության Բանկից բռնագանձել շուրջ 22 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար։ 

Բանկերի միությունը, ուսումնասիրելով դատարանի վճիռն ու ծանոթանալով գործի մանրամասներին և փաստական հանգամանքներին, ինչպես նաև քաջատեղյակ լինելով       «Բ․Մ․Լ․Արզնի» ընկերության իրական սեփականատեր Գևորգ Աֆանդյանի՝ որպես բազմաթիվ սնանկ ընկերությունների իրական շահառու հանդիսացող և հայաստանյան մի շարք բանկերի հետ դատական վեճեր ունեցող գործարարի համբավին, մտահոգություն է հայտնում դատարանի նման վճռի առնչությամբ։

Բանկերի միությունը  գտնում է, որ գործը քննելիս դատարանը չի ելել արդարադատության բուն էությունից, ըստ ամենայնի, անտեսել է մի շարք էական հանգամանքներ և չի բացահայտել կարևորագույն փաստեր Գևորգ Աֆանդյանի գործելաոճի վերաբերյալ, ինչպես նաև նրա հետ փոխկապակցված անձանց՝ գործի հետ կապը, արդյունքում ընդունելով մի վճիռ, որը՝

  • աննախադեպ է Հայաստանի բանկային համակարգի գործունեության ողջ պատմության մեջ,
  • ստեղծում է վտանգավոր նախադեպ՝ ուղի հարթելով անբարեխիղճ տնտեսվարողների կողմից նման շինծու դատական հայցերի միջոցով բանկերից գումար կորզելու համար,
  • հարվածի տակ է դնում հայաստանյան կայացած բանկային համակարգն առհասարակ,
  • վտանգում է Հայաստանի Հանրապետության՝ որպես օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ գոտու վարկանիշը։

Հայաստանի բանկերի միությունը ԳԱֆանդյանի՝ հայաստանյան բանկերի հետ ունեցած դատական յուրաքանչյուր, և հատկապես ամենախոշոր՝ «ԱյԴԻ Բանկ» ՓԲԸ-ի հետ վեճը պահելու է ուշադրության կենտրոնում՝ մշտապես հետևելով իրադարձությունների զարգացման ընթացքին։ ՀԲՄ-ն հրավիրում է նաև պատկան մարմինների ուշադրությունը՝ գործի բազմակողմանի քննման, իրական փաստերի բացահայտման, տվյալ անձի և նման գործելաոճ որդեգրած մյուսների վարքագծին պատշաճ իրավական գնահատական տալու համար:

Միությունը վերաքննիչ դատարանից ակնկալում է գործի անաչառ քննություն և արդարացի որոշման կայացում։ 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ