Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ռումինական ակադեմիայում նշվեց Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օրը

2019թ. հոկտեմբերի 23-ին Ռումինիայի Ակադեմիան և Ռումինիայի Հայոց Միությունը (ՌՀՄ) կազմակերպել էին հանդիսավոր սիմպոզիում՝ նվիրված Ռումինիայի խորհրդարանում «Հոկտեմբերի 12-ը Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հայտարարելու մասին» օրենքի ընդունմանը։ 

Միջոցառումը համակարգում էր ՌՀՄ նախագահ, պատգամավոր, վերոնշյալ օրենքի համահեղինակ Վարուժան Ոսկանյանը, որն իր խոսքում ընդգծեց այս օրենքի կարևորությունը՝ հպարտությամբ նշելով, որ Ռումինիայի խորհրդարանը, միաձայն քվեարկելով այս օրենքի օգտին, ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ռումին ժողովուրդը գնահատում է եղբայրական հայ ժողովրդի դերը ռումինական և համաշխարհային քաղաքակրթության զարգացման մեջ, և որ այս օրենքի շնորհիվ Ռումինիայում ավելի մեծ հետաքրքրություն կառաջանա հայոց լեզվի և մշակույթի նկատմամբ։ Նա նաև ավելացրեց, որ շատ ուրախ կլիներ տեսնել նմանատիպ օրենք աշխարհի տարբեր երկրներում։
Ռումինահայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանն իր խոսքում ընդգծեց, որ որպես համազգային և համամարդկային արժեք՝ հայոց լեզուն վաղնջական ժամանակներից եղել է հայի տեսակի կերտման, հայ ժողովրդի մտածողության ձևավորման ամենազորեղ միջոցը և համախմբել է աշխարհասփյուռ հայերին։ Նա մատնանշեց այն փաստը, որ այս օրենքի ընդունումն ու տոնախմբումը նշանակում է հազարամյակների պատմության և մշակույթի արժևորում, պահպանում և փոխանցում։

Միջոցառմանը մասնակցելու նպատակով Ռումինիայի Հայոց Միության հրավերով Հայաստանից ժամանել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը, որը ներկայացրեց հայոց լեզվի պատմությունը, դրա զարգացման փուլերը, խոսեց դարերի ընթացքում հայերենով տպված մի շարք աշխատությունների մասին՝ ընդգծելով, որ առաջին անգամ է, երբ որևէ երկրում հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օրը նշում են օրենքով։ Պրն Գյուրջինյանն ընդգծեց, որ Հայաստանում մեծ ուրախությամբ և գնահատանքով ընդունեցին այս լուրը և հույս հայտնեց, որ այն նոր խթան կլինի Ռումինիայում հայերենի տարածման համար։

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան նաև Ռումինիայի ակադեմիայի փոխնախագահ, ակադ. Ռըզվան Թեոդորեսկուն, ՌՀՄ փոխնախագահ, պատգամավոր, վերոնշյալ օրենքի համահեղինակ Վարուժան Փամբուկչյանը, Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը, Կլուժ-Նապոկայի Բաբեշ-Բոյայ համալսարանի Հայագիտության ինստիտուտի տնօրեն, պատմաբան Տուդոր Սըլըջեանը, Հարավ-արևելյան Եվրոպայի ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն Անդրեյ Տիմոտինը, բանասեր և գրաբարի մասնագետ, պրոֆ. Ֆրանչիսկա Բըլտըչեանուն և պատմաբան, պատգամավոր Անդրեյ Դանիել Գեորգեն (վերջինս այն պատգամավորներից էր, որն օրինագծի քննարկման ընթացքում ընդգծեց Ռումինիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտությունը)։ Սիմպոզիումի ժամանակ ընթերցվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը, որից ներկայացնենք մի հատված. «Ռումինիայում հայերն ունեն հազարամյա ներկայություն, նրանք ակտիվ ներդրում են ունեցել Ռումինիայի զարգացման գործում հայերը մշտապես մասնակցել են ռումինական քաղաքների շենացմանը, առևտրի, արհեստների և մշակույթի զարգացմանը, իսկ ռումինահայ գործիչները` ազդեցիկ դերակատարում ունեցել երկրի քաղաքական-հասարակական կյանքում: Այս օրենքի ընդունումը երկու ժողովուրդների՝ հայերի և ռումինացիների, բազմադարյա համակեցության խորհրդանիշն է:

Օրենքի ընդունումը ողջունելի է և կարող է լավ օրինակ ծառայել Սփյուռքի բազմաթիվ հայկական համայնքների համար: Մեր խնդիրն է՝ նպաստել հայոց լեզվի և հայ մշակույթի պահպանմանը Սփյուռքում: Միաժամանակ, ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Ռումինիայի իշխանություններին, մասնավորապես, խորհրդարանական բոլոր քաղաքական ուժերին՝ մեծ կարևորություն ունեցող օրենքի ընդունման, ինչպես նաև հայ համայնքի նկատմամբ այս տարիների ընթացքում ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար:

Օգտվելով առիթից` շնորհավորում եմ ռումինահայ համայնքին, ի դեմս Ռումինիայի հեղափոխական սերնդի ներկայացուցիչներ, Ռումինահայոց միության ղեկավարներ և այս օրենքի համահեղինակներ Վարուժան Ոսկանյանի և Վարուժան Փամբուկչյանի, ովքեր կարևոր դերակատարում ունեն Ռումինիայի հասարակական-քաղաքական կյանքում` միաժամանակ երկրի խորհրդարանում մշտապես արծարծելով թե ռումինահայ համայնքին, թե համայն հայությանը հուզող հարցեր»։
Սիմպոզիումին կից ներկայացվեցին միջնադարյան մի շարք հայկական ձեռագրեր՝ պատկերազարդումներով։ 

 

«Արարատ» ամսագիր, Բուխարեստ