Կինը փնտրում է 19 տարի առաջ լույս աշխարհ բերած երեխային (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՆյարդավիրաբույժ, Երևանի ավագանու նախկին անդամ, քաղաքացիական ակտիվիստ Մարինա Խաչատրյանն այսօր կառավարություն և գլխավոր դատախազություն դիմումներ ներկայացրեց։
Դիմումները կապված էին մի քաղաքացու հետ, ով, լինելով անչափահաս, 19 տարի առաջ երեխա է լույս աշխարհ բերել։ Մարինա Խաչատրյանն ասաց, որ 19 տարի առաջ ծնողին ստիպել են ստորագրել մի փաստաթղթի տակ ու երեխայից հրաժարվել։
«Հետո երեխային առանց մանկատուն տանելու՝ որդեգրման գործընթաց են սկսել», - նշեց նա։
Մարինա Խաչատրյանը հավելեց, որ անչափահասի ստորագրությունը որևէ իրավական ուժ չի ունեցել, և երեխային ապօրինի կերպով վերցրել են ծնողից։ Ասում է՝ երեխան ծնվել է Հանրապետական հիվանդանոցում, որի տնօրենը եղել է Ռազմիկ Աբրահամյանը։
Ակտիվիստի հետ եկել էր նաև երեխայի մայրը, ում անունը չհրապարակեցին։ Նրանք պատկան մարմիններից պահանջում էին համապատասխան քայլեր կատարել երեխային գտնելու հարցում և համապատասխան անձանց պատասխանատվության ենթարկել։