Ո՞վ է ձեռք քաշել իր անունից․ Անահիտ Բախշյանը՝ Նաիրի Հունանյանին ազատել արձակելու մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀոկտեմբերի 27-ի գործով նոր իշխանություններն առայժմ ոչինչ չեն անում, ասում է ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Յուրի Բախշյանի այրի, Ավագանու նախկին անդամ Անահիտ Բախշյանը։
«Ասում են՝ նոր հանգամանքներ պիտի ի հայտ գան, որպեսզի բացահայտվի։ Վերջին մի քանի ամսում տարբեր մարդիկ նոր հանգամանքների մասին են պատմում ու փաստեր են ասում։ Մենք՝ տուժողի իրավահաջորդներս, մինչև հիմա այդպես էլ չենք ստացել հոկտեմբերի 27-ի անջատված մասով որոշումը, որի հիման վրա կարող ենք դիմել նոր դատաքննության։ Ես ինքս ինձ մեղավոր եմ զգում, որ մինչ օրս գործ չեմ անում՝ միայն խոսում եմ։ Բայց մյուս կողմից ես գնալու եմ, բանավոր ի՞նչը բողոքարկեմ»,- ասում է Անահիտ Բախշյանը։
Նշում է՝ ասում ենք նոր իշխանություն, բայց դատախազը նախկինն է, նա էլ շահագրգռված չէ։ Նոր եկած դեմքերն էլ, ըստ տիկին Բախշյանի, ուղղակի ժամանակ չունեն հոկտեմբերի 27-ին անդրադառնալու․ զբաղված են մարտի 1-ի գործով։
«Մարտի 1-ին իրենք բոլորը ցավ զգացել են իրենց մաշկի վրա, հոկտեմբերի 27-ի ցավը մաշկի վրա չեն զգացել։ Ես լինեի այսօրվա իշխանության մեջ, առաջինը հոկտեմբերի 27-ը կբացահայտեի»,- նշում է Յուրի Բախշյանի այրին։
Անդրադառնալով հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկված Նաիրի Հունանյանի՝ վաղաժամկետ ազատման մասին դիմումին, Անահիտ Բախշյանը դա անբարոյական քայլ որակեց և ասաց՝ ինքը դեմ է Հունանյանի ազատմանը, քանի դեռ Հայաստանում արդարադատություն չկա, ինքը չի վստահում Սահմանադրական դատարանին։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է, որ Նաիրի Հունանյանի դիմումը դրական արձագանք ստանա, Անահիտ Բախշյանն ասաց՝ ինքը չի հավատում, թե այդպիսի բան կլինի։
«Ո՞վ է ձեռք քաշել իր անունից։ Այն մարդիկ, ովքեր պիտի որոշեն, եթե հանկարծ այդպիսի որոշում կայացնեն, ուրեմն նրանք մեծ կարմիր խաչ են քաշում իրենց անունների վրա։ Չեմ հավատում դրան։ Իշխանության մեջ այսօր չկա այդպիսի մարդ, որ համարձակվի,՝ ինչքան էլ որ օրենքը թույլ է տալիս»։
Անահիտ Բախշյանը մտաբերում է՝ 1999-ի հոկտեմբերի 26-ի երեկոյան ամուսինն իրեն ինչ-որ կարևոր բան էր ուզում ասել, ինքը չլսեց։
«Տարօրինակ ձայնով ասաց, Ա՛ն, արի քեզ բան եմ ուզում ասել, ու այդ ձայնի մեջ այնպիսի վտանգ կար։ Ասացի՝ չեմ ուզում լսել, դուք կռվում եք իրար հետ, վաղը մոռանում եք, ես չեմ մոռանում։ Ձեռքը խփեց սեղանին, ասաց՝ դու էլ չես ուզում ինձ լսել»,- պատմում է Անահիտ Բախշյանը։