Բացել լրահոսը Փակել լրահոսը
72899504_259565651611793_5416626511048343552_n
A A
Հասարակություն

Որևէ հեռուստաընկերություն, որ անցնում էր կարմիր գիծը, արժանանում էր «Ա1+»-ի ճակատագրին․ Աշոտ Մելիքյան (տեսանյութ)

2019 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում լրագրողների և լրատվամիջոցների ներգրավվածությամբ դատական հայցերի աննախադեպ աճ է գրանցվել։ Երեք ամիսների ընթացքում արձանագրվել է 33 նոր դատական գործ, դրանցից 30-ը ներկայացված է վիրավորանքի և զրպարտության հիմքով, 2-ը՝ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների, իսկ մի դեպքում էլ լրատվամիջոցն է հայց  ներկայացրել ընդդեմ քաղաքագետի։ Այդ մասին տեղեկացրեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։

«Այս տարվա 9 ամիսների դատական հայցերը երբ գումարում ենք իրար, ստանում ենք 83 նոր դատական հայց, ինչը ավելի շատ է, քան նախորդ երկու տարիներին։ Հետհեղափոխական շրջանում զանգվածային լրատվամիջոցների բևեռացումը էլ ավելի սրվեց, և հիմա քաղաքական պայքարը տեղափոխվել է զանգվածային լրատվամիջոցներ»։

Աշոտ Մելիքյանը անդրադարձավ նաև «Yerevan․ Today» խմբագրությունում իրականացրած հետախուզությանը և տեխնիկայի առգրավմանը՝ նշելով, որ այն աննախադեպ երևույթ էր։ Ասում է՝վերջին տասնամյակների ընթացքում նման դեպքեր չի հիշում։

«Մենք հարցում ենք ուղարկել քննչական կոմիտե և խնդրել, որպեսզի առգրավված տեխնիկայի փորձաքննության արդյունքները տրամադրեն։ Եվ մենք ստացանք տեղեկատվություն, որ փորձաքննության արդյունքում քննությանը հետաքրքրող որևէ տվյալ չի հայտնաբերվել։ Ինչը հիմք է տալիս մտածելու, որ անկախ նրանից, թե ինչ քաղաքական հոսանքի է հարում «Yerevan․ Today»-ը, այդ բիրտ քայլը, որ կիրառվեց խմբագրության նկատմամբ, ոչ այլ ինչ է, քան ճնշում լրատվամիջոցի վրա։ Այն մարդիկ, որոնք հրաման են տվել, պետք է պատասխանատվության ենթարկվեն»։

Աշոտ Մելիքյանը անդրադառնալով նաև «Hayeli.am»-ի դեմ իրականացված ակցիային։ Նշեց, որ իր հորդորն է խոսքին խոսքով պատասխանել.

«Անընդունելի վերնագրին կարելի էր պատասխանել այլ մոտեցմամբ»։ Սակայն նրա կարծիքով՝ ակցիան ուղղորդված չի եղել իշխանության կողմից։

Աշոտ Մելիքյանը նշեց, որ հայաստանյան լրատվամիջոցները երբեք այսքան ազատ չեն եղել իշխանությունների ճնշումներից և միջամտություններից, որքան հիմա հիմա։

«Իշխանությունը հռչակել է, որ չի միջամտելու լրատվամիջոցների գործունեությանը և հավատարիմ է մնում իր խոստմանը։ երբեք հետխորհրդային  տարիներին չի եղել, որ մասնավոր հեռուստաընկերությունները ամբողջությամբ մնան ընդդիմության ձեռքերում, ընդ որում՝ ոչ միայն խորհրդարանական, այլ նաև արտախորհրդարանական ընդդիմության ձեռքերում։ Որևէ հեռուստաընկերություն, որ անցներ այդ կարմիր գիծը, կարժանանար «Ա1+»-ի ճակատագրին։ Իսկ հիմա բոլորդ գիտեք, որ մասնավոր հեռուստաընկերությունները, բոլորը արտախորհրդարանական և խորհրդարանական ընդդիմությանը հարող լրատվամիջոցներ են։ Ոմանք գործում են որպես քարոզչամիջոցներ և սպասարկում են կոնկրետ քաղաքական ուժի շահերը»,- նշեց նա։