Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սահմանադրական արդարադատության հաստատումից հետքայլ չի լինելու. Վլադիմիր Վարդանյան (տեսանյութ)

Սահմանադրական դատարանի որոշումը՝ ըստ որի՝ մերժվել է «Ազգային ժողովի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի քննությունը, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի համար զարմանալի է եղել։ Այս մասին նա ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում։

«Բոլորս ակնկալում էինք, որ ՍԴ-ն կարող է նաև մերժի բովանդակային առումով այդ հարցի քննարկումը, բայց խնդիրը հետևյալի մեջ է՝ արդյոք ՍԴ-ն կարո՞ղ էր այս փուլում և այս ընթացակարգով նման մերժում տալ։ Իմ խորին համոզմամբ՝ ոչ, որովհետև այն հարցադրումները, որոնք բարձրացված են աշխատակարգային որոշման մեջ պետք է դառնային քննարկման առարկա»,- նշեց Վլադիմիր Վարդանյանը։

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը կարծում է, որ այս փուլում Սահմանադրական դատարանը  չէր կարող անդրադառնալ մի շարք հարցերի:

«Մասնավորապես, ՍԴ-ն չէր կարող անդրադառնալ ժամկետի հետ կապված հարցին, որովհետեւ ժամկետը վերաբերում էր Ազգային ժողովի գործառույթներին, «ԱԺ կանոնակարգ» օրենքում է նախատեսված այն ժամկետը, որը տրված է խմբակցությանը ԱԺ որոշման նախագծի տեքստը ներկայացնելու համար:  Եթե այդ ժամկետը կիրառելի պետք է լիներ, ապա այն պետք է կիրառվեր ԱԺ-ում կամ լիագումարում, կամ  հանձնաժողովում,  երբ այդ հարցն էր քննարկվում էր»,- ընդգծեց նա ու հավելեց, որ մյուս հիմքը, որը մատնանշել է Սահմանադրական դատարանը, կրկին ընդունելի չէ։

«Ըստ էության, ՍԴ-ն գերազանցել է իր լիազորություններն այս հատվածում և նշել է, որ քանի դեռ ՍԴ 3 դատավոր չեն դիմել ՍԴ-ին և կարգապահական պատասխանատվության չեն ենթարկել, ապա այդ հիմքով ԱԺ-ն չէր կարող դիմել ՍԴ՝ դատավորի լիազորությունների դադարեցման հարցով: Սա ևս անընդունելի է: Եթե նույնիսկ ՍԴ-ն մեկնաբանել է օրենքը, այն պարագայում, երբ օրենքի մեկնաբանման հարց այստեղ ընդհանրապես դրված չէր, ապա առերեւույթ եղանակով ՍԴ-ն խախտել է նաև Սահմանադրությունը՝ զրկելով Ազգային ժողովին իր լիազորությունները իրականացնելուց: Այդ գործով այդ վարույթների շրջանակներում դիմողը ԱԺ-ն է, ՍԴ-ն ասում է՝ չէ, դու դիմող չես այլևս, որովհետեւ ես որոշեցի՝ նախ ես պետք է իմ 3 դատավորների միջոցով անձին ենթարկեմ կարգապահական պատասխանատվության, նոր դրանից հետո դու կարող ես այդ որոշումը հիմք ընդունելով՝ խմբակցությունը ներկայացնի համապատասխան դիմումի առաջարկ, ԱԺ-ն ընդունի, 3/5-ով ներկայացնի Սահմանադրական դատարան և ՍԴ-ն որոշում կայացնի 2/3-ով՝ դադարեցնի կամ չդադարեցնի այս կամ այն դատավորի լիազորությունը»,- ասաց Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։

Ի՞նչ է անելու «Իմ քայլը» խմբակցությունը՝ լրագրողները հետաքրվեցին Վլադիմիր Վարդանյանից։

«Սահմանադրական արդարադատության հաստատումից հետ քայլ չի լինելու: Հետքայլ չի լինելու նրանից, որ պետական մարմինները պարտավոր են իրականացնել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են օրենսդրությամբ: ՍԴ-ն, չունենալով վերադաս մարմին, այդուհանդերձ ունի պարտավորություն չշեղվել իր սահմանադրական առաքելությունից: Սահմանադրական առաքելությունը նշանակում է հետևյալը՝ դու պետք է գործես քո լիազորությունների շրջանակներում: ՍԴ-ն պետք է սահմանադրական ճգնաժամերը լուծի, այլ ոչ թե խորացնի: Ես խորապես մտահոգված եմ այն մեկնաբանությամբ, որը տրվել է ՍԴ-ի կողմից՝ կապված այն հարցի հետ, որ մինչև ՍԴ-ն համապատասխան որոշում չկայացնի, ԱԺ-ն չի կարող կարգապահական խախտման հիմքով դիմել Սահմանադրական դատարան, որովհետեւ սա նշանակում է, որ ՍԴ-ն, ըստ էության, մեկնաբանել է օրենքը և այնպիսի մեկնաբանություն է տվել, որն, ըստ էության, հակասում է Սահմանադրությանը: ՍԴ-ն այս որոշմամբ առնվազն զրկել է ԱԺ-ին իր լիազորություններից մեկից: Մենք գործ ունենք իրավիճակի հետ, երբ սահմանադրական անվտանգությունը կարող է խաթարված լինել»,- ընդգծեց պատգամավորը և հավելեց, որ խմբակցությունը, առաջնորդվելով իր լիազորություններով, իրականացնելու է համապատասխան գործողություններ, ասաց նա։

«Ենթադրվում է, որ կլինեն հայտարարություններ, համապատասխան գործընթացներ, որոնք կապված են լինելու սահմանադրական անվտանգության պահպանմանը: Իրոք, շատ վտանգավոր է իրավիճակը, երբ պետական որևիցե մարմին շեղվում է իր սահմանադրական առաքելությունից, շեղվելու համար ստեղծված է ՍԴ-ն, որպեսզի թույլ չտա, որ այս կամ այն մարմինը շեղվի, իսկ եթե ՍԴ-ն է շեղվում իր սահմանադրական առաքելությունից, ի՞նչ անես: Սա լրջագույն պրոբլեմներից մեկն է, որովհետեւ որևիցե իրավազորության շրջանակներում որևիցե երկրում չունի միանշանակ լուծում»,-ասաց  նա։