Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց. 21-ը հոկտեմբերի. Լեւոն Տեր-Պետրոսյանն ամփոփում է իր նախագահության մեկ տարին (տեսանյութ)

1992-ի հոկտեմբերի 21-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Գերագույն խորհրդում ամփոփում է իր նախագահության մեկ տարին: Նա պետության վիճակն ընդհանուր առմամբ գնահատում է ծանր: Լուծվելիք խնդիրներից ամենակարեւորը նա համարում է Մեծամորի ատոմակայանի վերագործարկումը, որի աշխատանքները դադարեցվել էին 1988-ի դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժից հետո:

1997-ի այս օրը «Արմենպրես» պետական գործակալության տնօրեն Տիգրան Հակոբյանը հայտարարում է, որ «Արմենպրեսն» ավելի անկախ է, քան անկախ բոլոր լրատվամիջոցները: Նա ոչ մեկին խորհուրդ չի տա գործակալությանն անվանել պնակալեզ: Ինչ վերաբերում է լրագրողական համերաշխությանը, ըստ նրա, լրագրողները համախմբվում են, երբ իրենցից ինչ-որ մեկին ծեծում են, ուրիշ համերաշխություն չկա:

1998-ի հոկտեմբերի 21-ին մեկ տարի ինը ամսվա ադրբեջանական գերությունից տուն է վերադառնում տավուշցի Արթուր Պապյանը: Նա ուժեղ մառախուղի ժամանակ 97-ի հունվարին շփոթել էր Մովսես գյուղ տանող ճամփան եւ հայտնվել ադրբեջանական Ալիբեյլի գյուղի մատույցներում: Ինքը հրաժարվում է պատմել իր հանդեպ գործած անմարդկային տանջանքների մասին։

Հայաստանի օլիմպիական կոմիտեն 2000-ի այս օրը Լոզանի դատարանում բողոքարկում է Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշումը, որով դոպինգ օգտագործելու համար Սիդնեյին օլիմպիադայի բրոնզե մեդալից զրկել են ծանրամարտիկ Աշոտ Դանիելյանին: Մեր օլիմպիական կոմիտեի նախագահ Բենուր Փաշայանը վստահեցնում է, որ Սիդնեյ ուղարկելուց առաջ բոլոր մարզիկներին ստուգել են, դոպինգ չկար:

2000 թվականի այս օրը վրացական Ախալքալաքի ռուսական ռազմաբազայի փակման պատճառով Ջավախքից Գյումրի է մտնում ռուսական ռազմական տեխնիկայի առաջին շարասյունը: Եվս վեց շարասյուն է մտնելու Հայաստան Վրաստանից: Ընդհանուր առմամբ Հայաստան է մտնելու 86 մարտական միավոր զրահատեխնիկա: Նույն օրը պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը տեղեկացնում է, որ Ախալքալաքի ռազմաբազայից ռուսական ռազմական շարասյունը Գյումրի է մտել նախօրոք կնքված համաձայնագրով: Եվրոպայի սովորական սպառազինությունների մասին պայմանագրով մեր տարածքում իրավունք ունենք ունենալ համապատասխան քվոտաներով ռազմամթերք։

Հոկտեմբերի 27-ի դրդապատճառների մասին Աշոտ Մանուչարյանի տեղեկություններով հետաքրքրվում է զինվորական դատախազությունը: Դեռ ասուլիսից առաջ նրան զանգահարում է զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը՝ պարզաբանեք Մեղրիի վարկածի մասին ձեր տեղեկությունները: Մանուչարյանը խոստանում է պարզաբանել ասուլիսից հետո: Նրա տուն ոստիկանություն է գալիս, սակայն բերման են ենթարկում հաջորդ օրը: Այստեղ նա տեղեկանում է, որ իրեն չեն ձերբակալելու իր վարկածների համար։

2000 թվականի այս օրը Երեւանի քաղաքապետարանը նշում է քաղխորհրդի ձեւավորման 10 տարին: Քաղաքապետ Ալբերտ Բազեյանը երանի է տալիս այդ ժամանակներին, քաղխորհուրդն ուներ իր սեփական բյուջեն, տնօրինում էր իր ծախսերը, թեպետ ընտրովի մարմին չէր։

Պետական եկամուտների նախկին նախարար Գագիկ Պողոսյանի սպանության բացահայտման համար ոստիկանությունն, իր բառերով, կատարել է մեծ ծավալի աշխատանք՝ ոչ հանցագործն է հայտնի, ոչ էլ սպանության շարժառիթները: Չբացահայտված են մնում աղմկահարույց այլ հանցագործություններ եւս: Հայտնաբերված չէ նաեւ Վանո Սիրադեղյանը։

2001-ի այս օրը Ազատամարտիկների եւ կանանց վետերանների միությունը հայտ է ներկայացնում մասնակցելու 2003 թվականի նախագահի ընտրություններին: Մինչ այդ նրանք պատրաստվում են դառնալ քաղաքական կուսակցություն: Միության նախագահը 30 օր կալանավորված է եղել հոկտեմբերի 27-ի գործով, այսօր ասում է, որ իրեն պետական նկուղում պայելու համար էլ համապատասխան մարմինները պետք է պատասխան տան։

2002-ի այս օրն առաջին անգամ Գյումրիի քաղաքապետ է ընտրվում անկուսակցական Վարդան Ղուկասյանը: Իր մոտական մրցակցին նա հաղթում է ավելի քան 24 հազար ձայն ավել հավաքելով:

2003-ի այս օրը Երեւանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը պատճառաբանում է, թե ինչու է Ռոբերտ Քոչարյանն իրեն պաշտոնազրկել: «Իմ որոշումների 99 տոկոսը նախագծային կոպիտ շեղումներով, ծավալատարածական կոպիտ շեղումներով կառուցված օբյեկտներ են եւ գտնվում են ապօրինության դաշտում», - հայտարարում է Ռոբերտ Նազարյանը:

2008-ի այս օրը Հայաստան է այցելում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:

2012-ի այս օրը հայտնի է դառնում, որ 13 քաղբանտարկյալներին հանդիպելու պահանջով ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Յագլանդին ուղղված 11 հասարակական կազմակերպությունների նամակը տեղ չեն հասել: Վերջինս Երեւանում հայտարարում է, որ առաջին անգամ է լսում այդ նամակի մասին: Սակայն նկատում է, որ Եվրախորհրդի համար անընդունելի է քաղբանտարկյալների առկայությունը: Ինքը, իհարկե, ոչինչ անել չի կարող: