Բացել լրահոսը Փակել լրահոսը
լաուրա
A A
Քաղաքականություն

Բանակցային գործընթացում առաջացել է բավական բարդ իրավիճակ․ Վահրամ Աթանեսյան (տեսանյութ)

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջանում ունեցած վերջին այցի վերաբերյալ երեկ տարածած հայտարարությունը ստանդարտ է և առանձնապես նորություն չի պարունակում, ասում է  Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը։

«Թերևս աչքի զարնող միակ հանգամանքն այն է, որ համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների անունից անոնսավորեցին դեկտեմբերի առաջին օրերին ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդաժողովի շրջանակներում Մնացականյան-Մամեդյարով հանդիպման մասին»։

Քաղաքագետն ասաց՝ հայտարարության մեջ խոսվում է նաև կողմերի միջև մարդասիրական գործողություններ անելու հեռանկարի մասին, ըստ նրա, սա թույլ է տալիս ենթադրել, որ բուն բանակցային գործընթացում առաջացել է բավական բարդ իրավիճակ։

«Այս ֆոնին կուզենայի ընդգծել ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցչի երեկ տարածած հայտարարությունն այն մասին, որ գոյություն ունեն ԼՂՀ խնդրի կարգավորման պայմանավորվածություններ և այդ պայմանավորվածությունները գտնվում են սեղանին և ՌԴ արտգործնախարարությունը ջանք է գործադրելու բանակցություններն այդ ոգով շարունակելու ուղղությամբ»։


Վահրամ Աթանեսյանն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյան- Բակո Սահակյան վերջերս կայացած հանդիպմանը։ Ասաց՝ հանդիպման շուրջ եղած ֆոնը թույլ է տալիս եզրակացնել, որ դա եղել է գործնական հանդիպում։ Չի բացառում նաև, որ ինչ-որ այլ խնդիրներ ևս քննարկվել են։

«Մանավանդ այն, որ հանդիպման սկզբին Արցախի նախագահն ասաց, որ ինքը Հայաստանի վարչապետին ասելիք ունի։ Այդ ասելիքն, ըստ երևույթին՝ Արցախի ներքաղաքական իրավիճակի ներկայացումն է Արցախի վարչապետին, այն կտրվածքով, որ Արցախում առաջիկայում սպասվում են նախագահական և խորհրդարանական ընտրություններ և շատ բնական է, որ Արցախի նախագահն այդ լրջագույն հարցում խորհրդատվություններ անցկացնի Հայաստանի վարչապետի հետ»։