Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ՀՀ-ում տարիներ շարունակ կուսակցական համակարգը սպանվել է․ Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի համոզմամբ՝ ՀՀ-ում տարիներ շարունակ կուսակցական համակարգը սպանվել է։

Այս մասին Ազգային ժողովում «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք, առկա խնդիրները և փոփոխությունների շրջանակը» թեմայով լսումների ժամանակ ասաց նա։

«Հայաստանում կուսակցությունների ինստիտուտ, ըստ էության, չկա: Կուսակցությունների հանդեպ վստահությունը 2-ից 5 %-ի միջակայքում է՝ համաձայն սոցհարցումների։ Այս խորհրդարանի ֆունկցիան է լուծել այս կարևոր խնդիրը, կերտել կուսակցությունների ինստիտուտը Հայաստանում: Եթե այս խորհրդարանը չհաջողի այս հարցում, ապա մենք երբեք չենք ունենա խորհրդարանական ժողովրդավարություն ՀՀ-ում»,- ընդգծեց Դանիել Իոաննիսյանը։

Նա անհրաժեշտ է համարում, որպեսզի պետական ֆինանսավորումը ավելանա, որպեսզի կուսակցությունների ինստիտուտը զարգանա։

«Մենք առաջարկում ենք Հայաստանի քաղաքացիներին հնարավորություն տալ, որ այցելեն հարկային կամ այլ մարմին, կարողանան որոշել, թե իրենց հարկերից քանի տոկոսը ո՞ր կուսակցությանն ուղղվի։ Այս կարգավորմամբ մենք 3 խնդիր կլուծենք։ Առաջինը՝ քաղաքացիները հնարավորություն կունենան մասնակցել և ազդել քաղաքականության վրա ոչ միայն փողոց փակելով կամ 5 տարին մեկ ընտրելու միջոցով։ Երկրորդը՝ կիմանանք, թե որ կուսակցությունը իրականում քանի՞ համակիր ունի։ Եվ երրորդ՝ ամենակարևոր արդյունքն այն է, որ կարգավորմամբ մենք դուրս կգանք կուսակցությունների ֆինանսավորման փակ շղթայից։ Թե՛ գործող, թե՛առաջարկվող մեխանիզմով կուսակցությանը ֆինանսավորելու համար պետք է այն վերջին ընտրություններին լավ արդյունք գրանցի, իսկ լավ արդյունք գրանցելու համար պետք է փող։ Այս մեխանիզմով մենք զարգացման հնարավորություն կտանք նաև այն կուսակցություններին, որոնք ԱԺ վերջին ընտրություններին չեն մասնակցել կամ նոր են ստեղծվել և ընտրությանը մասնակցել են, բայց բավական ձայներ չեն հավաքել»,- նշեց Դանիել Իոաննիսյանը: