Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_1225
A A
Քաղաքականություն

Հստակ մի բանաձև կա՝ «ինչ է ուզում Նիկոլ Փաշինյանը և ինչ չի ուզում Նիկոլ Փաշինյանը»․ Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)

«Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության նախագահ, Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի համոզմամբ՝ Հայաստանում «գռեհիկ իրավական երկակի ստանդարտներ են կիրառվում»։

Ըստ նրա՝ երկակի ստանդարտի կիրառման հիմքում դրված է հստակ մի բանաձև՝ «ինչ է ուզում Նիկոլ Փաշինյանը և ինչ չի ուզում Նիկոլ Փաշինյանը»։ 
 
Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ իրավապահ մարմինը եթե կատարում է իշխանությունների կամքը, ուրեմն լավն է, իսկ եթե ոչ, ապա՝ ոչ։ 
 
Նա այս կոնտեքստում որպես օրինակներ նշեց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, Բարձրագույն դատական խորհուրդի անդամներին, Սահմանադրական դատարանի դատավորներին։ «Մենք լուրջ մանիպուլյացիաների խնդիր ունենք», - նշեց Հովհաննիսյանը՝ նկատի ունենալով իրավական փաստաթղթերի կամայական մեկնաբանությունները։ 
 
Նա ասաց, որ տեղի ունեցող գործընթացների մտահոգությունները կապված չեն պաշտոն կորցնելու կամ չունենալու հետ։ Ինչ վերաբերում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի հանդեպ քննադատություններին՝ Արփինե Հովհաննիսյանը ասաց, որ պատճառն ուղղակի արատավոր համակարգը լեգիտիմացնելու հետ է կապված եղել։ 
 
Քննարկման ժամանակ «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության նախագահ, փաստաբան Ռուբեն Մելիքյանն անդրադարձավ Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցելուն։ 
 
Հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հոկտեմբերի 17-ին որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին:
 
Անդրադառնալով այս դեպքին՝ Մելիքյանն ասաց, որ նայել է Ազգային ժողովի կայքը և տեսել, որ նույն այն հիմքով, որ մանդատը թողել է Հրայր Թովմասյանը, մանդատ են թողել նաև այն ժամանակ այլ պատգամավորներ (Արտակ Զեյնալյան, Մանե Թանդիլյան, Արարատ Միրզոյան, Ֆելիքս Ցոլակյան - հեղ.):