Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Նոա» ՖԱ-ն կողմ է ֆուտբոլի պրոֆեսիոնալ լիգայի ստեղծմանը

«Նոա» ֆուտբոլային ակումբը հոկտեմբերի 20-ին Երևանում կանցկացնի Noah Street Football Cup 2019 մրցաշար: Այսօր կազմակերպված մամուլի ասուլիսում ասաց «Նոա» ՖԱ-ի մարզական տնօրեն Հայկ Հովակիմյանը։

«Մրցաշարը կուղեկցվի հետաքրքիր շոու ծրագրով, լավ երաժշտությամբ և բազում անակնկալներով: Հույս ունենք, որ այն դուր կգա ոչ միայն մասնակից երեխաներին, այլև մեր ֆուտբոլասերներին», - նշեց բանախոսը։

Մրցաշարն անցկացվելու է 5x5 ձեւաչափով: Դրան կարող են մասնակցել 13-16 տարեկան երեխաներ: Թիմի անդամները չպետք է լինեն նույն տարիքի, բացի այդ պետք է կազմված լինեն եւ՛ տղաներից, եւ՛ աղջիկներից: Մրցաշարում հաղթած թիմը կպարգևատրվի PlayStation 4՝ FIFA 20 խաղով: Մրցաշարի անցկացման վայր է ընտրվել Cascade Art Playground-ը։

Հայկ Հովակիմյան նաև նշեց, որ նմանատիպ մրցաշար ակումբը նախատեսել է անցկացնել նաև 2020 թվականի աշնանը։

Խոսելով թիմի առջև դրած խնդիրների մասին, սպորտային տնօրենը ասաց, որ իրենց առաջնահերթ խնդիրն առաջնության եզրափակիչ փուլ՝ այսինքն առաջին վեցյակ մտնելն է։

«Մենք շատ երիտասարդ ակումբ ենք։ Դա վերաբերում է ոչ միայն ակումբի պատմությանը, այլև ֆուտբոլիստներին, մարզչական կազմին, ակումբի աշխատակիցներին։ Մենք դեռ կայացման ճանապարհին ենք։ Սակայն «Նոան» երկարատև ծրագիր է։ Մտադիր ենք ստեղծել մեր ֆուտբոլային ակադեմիան, դպրոցները, ունենալ սեփական մարզադաշտ և այլն»։

Ինչպես հայտնեց ակումբի մամուլի քարտուղար Ռուբեն Մելոյանը, իրենք դիմել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ նախկին «Միկա» մարզադաշտը վարձակալելու համար։ Սակայն «Ա1+»-ի այն դիտարկմանը, որ այդ մարզադաշտն այժմ գտնվում է ԿԳՄՍ նախարարության ենթակայության տակ, նա ասաց, որ այդ մասին տեղյակ են, պարզապես ցանկանում են, որ ՀՖՖ-ն միջնորդի դեր կատարի այդ հարցում։

Մեր այն հարցին, ինչպե՞ս է ակումբի ղեկավարությունը վերաբերվում ֆուտբոլի պրոֆեսիոնալ լիգայի ստեղծման գաղափարին, Ռուբեն Մելոյանն ասաց․ «Մենք կողմ ենք ցանկացած նորամուծությանը։ Եթե ստեղծվի պրոֆեսիոնալ լիգա, մենք կողմ կլինենք», - ասաց նա։