Բացել լրահոսը Փակել լրահոսը
72959298_549882395775312_3604668353911717888_n
A A
Քաղաքականություն

Անհրաժեշտություն լինի Վիտալի Բալասանյանին կկանչենք հանձնաժողով․ Ա․ Քոչարյան (տեսանյութ)

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ  Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի վերջին հարցազրույցին։

«Վիտալի Բալասանյանն անդրադարձել է նաև իմ հնչեցրած հարցին, որը վերաբերում էր նրան, թե մենք կանչելո՞ւ ենք ապրիլյանի հանձնաժողովին իրեն, թե՞ ոչ: Ես ասել եմ, որ չենք կանչելու այն պարզ պատճառով, որ Վիտալի Բալասանյանն ապրիլյան դեպքերի ժամանակ որևէ իրավասություն չէր կարող ունենալ, որովհետև ինքը չի գտնվել Զինված ուժերի կառավարման համակարգում: Ինքը զորացրված է եղել վաղուց և իր պաշտոնը՝ որպես Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար հետագայում է ստացել՝ ապրիլյան դեպքերից հետո»,- ասաց նա և հավելեց, որ ապրիլյան պատերազմին բոլորն են գնացել առաջնագիծ, որպեսզի աջակցեն մեր զինվորներին։ «Նաև Վիտալի Բալասանյանը, ենթադրում եմ, նաև Հայաստանից ազատամարտի մասնակից բազմաթիվ մարդիկ: Եվ որևէ մեկը դրանից չի դարձրել հերոսապատման նոր դրվագներ։ Վիտալի Բալասանյանը նկարագրել էր այն ժամանակ մի դրվագ, քանի որ ես բանակի ձևավորման ակունքներում եղած մարդ եմ, չեմ պատկերացնում, թե ինչպես կարոող է բանակի կառույցից դուրս մարդը հրամաններ իջեցնի բանակային կառույցներին և այդ հրամանները կատարվեն։ Այդ դեպքում ինձ մոտ հարց է առաջանում, բա կորպուսի հրամանատարը ինչո՞վ էր զբաղված»,- ընդգծեց Անդրանիկ Քոչարյանը։

Հարցին, թե այս դեպքում էլ անհրաժեշտություն չի համարո՞ւմ կանչել հանձնաժողով, Անդրանիկ Քոչարյանը հավելեց. «Բալասանյանը նաև ասել է, որ եթե Հայաստանից ինչ-որ կառույցներ իրավական հարթությունում իրեն հարցեր ունենան, ինքը չի պատրաստվում գալ, որովեհտև ինքը հանդիսանում է Արցախի Հանրապետության քաղաքացի է: Ես դա լավ չհասկացա, բայց եթե անհրաժեշտություն լինի՝ հրապարակային կդիմեմ պարոն Բալասանյանին, և եթե ասելիք ունի, կկանչենք հանձնաժողով: Եթե դրա կարիքն ինքը զգա, թող գա, եթե չգա մեր հանձնաժողովը հարցերը կտա Պաշտպանության բանակի ղեկավարությանը, թե այդպիսի բան հանարավո՞ր է որ եղած լինի»: