Բացել լրահոսը Փակել լրահոսը
0-26
A A
Քաղաքականություն

«Քաղաքացին քանի՞ անգամ կարող է երթևեկության կանոնի խախտում նկարել և փոխանցել ոստիկանությանը»

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի համահեղինակած նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքում։

Նշենք, որ այս նախագծով առաջարկվում է քաղաքացիներին հնարավորությոուն տալ տեսանկարահանել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները և օնլայն ռեժիմով փոխանցել Ոստիկանությանը։

Հիշեցնենք, որ այս նախագիծը Ազգային ժողովի լիագումար նիստում բուռն քննարկումների առիթ էր դարձել։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը օրենքի նախագծին դեմ էր, խմբակցության քարտուղար Արման Աբովյանի դիտարկմամբ այն «հում է և չի ծառայելու իր նպատակին։ Արման Աբովյանը, ակնարկել էր նաև, թե այս օրենքով ցանկանում են մարդկանց «գործ տալ» սովորեցնել։ 

Սիսակ Գաբրիելյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանից առաջարկություններ է ստացել, որպեսզի լրացումներ կատարվեն։

«Պարոն Գորգիսյանի հետ եկել ենք այն ձևակերպմանը, որ Կառավարությունը կսահմանի հավելվածում գրանցված անձանց նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ էլեկտրոնային հաղորդումը ուղարկելու և ամսական և տարեկան առավելագույն չափը»,- պարզաբանեց պատգամավորը և հավելեց, որ չափը չեն նշել, թե անձը քանի անգամ կարող է խախտումը արձանագրել և ուղարկել։ Դա թողել են Կառավարությանը, բայց ըստ Սիսակ Գաբրիելյանի՝ ամենայն հավանականությամբ ամսական 1 անգամ կլինի, տարեկան ոչ ավել քան 10 անգամ։

Ի դեպ, հավելվածից օգտվելու կարգը կսահմանի Կառավարությունը։ Եթե սահմանված կարգը խախտվի, ապա վարչական մարմինը հնարավորություն է ունենալու սահմանափակել բջջային հավելվածում գրանցված անձանց էլեկտրոնային հաղորդում ուղարկելու իրավունքը։

Ըստ Սիսակ Գաբրիելյանի՝ պետք է Կառավարությունը սահմանի, թե ո՞ր խախտումներն են արձանագրվելու հավելվածի միջոցով։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հայտարարեց, որ խմբակցությունը ողջունում է այս նախագիծը և կողմ է քվեարկելու։
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին։