Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport gimnastika
A A
Սպորտ

Արթուր Թովմասյանը կարող է չեմպիոն դառնալ․ Հակոբ Սերոբյան

Հայաստանի մարմնամարզության տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը գոհ է աշխարհի առաջնությունում իր սաների ելույթներից։

«Մրցումների առաջին օրն ինչ-որ պլանավորել էինք, եղավ։ Մեր հիմնական նպատակը օլիմպիական ուղեգիր ձեռք բերելն էր։ Դրան հասնելու մի քանի տարբերակ կար։ Մենք որոշեցինք բազմամարտում պայքարել ուղեգրի համար, քանի որ առանձին գործիքների վրա պետք էր նվազագույնը գրավել մրցանակային տեղ, ինչը աշխարհի առաջնությունում շատ բարդ է։ Մենք ռիսկի չդիմեցինք, թեթևացրինք Արթուր Դավթյանի ծրագիրը, նա պատվով կատարեց բոլոր վարժությունները և 12 մարմնամարզիկների մեջ 9-րդ տեղը գրավեց և իրավունք ստացավ մասնակցելու 2020 թվականի օլիմպիական խաղերին», - այսօր կայացած մամուլի ասուլիսում ասաց հավաքականի ղեկավարը։

Հակոբ Սերոբյանը գոհ է նաև Արթուր Թովմասյանի ելույթից։

«Նրա խնդիրը եզրափակիչ ությակ մտնելն էր։ Նա կատարեց իր առջև դրված առաջադրանքը։ Ինչ վերաբերում է մրցանակային տեղ գրավելու նրա շանսերին, ապա Արթուրն ամեն ինչ լավ է կատարում օղակների վրա, բացի վայրէջքի պահից, որի ժամանակ միշտ քայլ է կատարում, ինչը 0,3 միավոր է։ Հավանաբար նրա մոտ դեռ զգացնել է տալիս ծնկի վնասվածքը։ Եթե նա հաղթահարի հոգեբանական այդ վախը, ապա կարող է անգամ չեմպիոն դառնալ», - նշեց փորձառու մասնագետը։

Ինչպես նշեց Հակոբ Սերոբյանը, մեր մարմնամարզիկները կարող են ևս մեկ օլիմպիական ուղեգիր նվաճել, բայց դրա համար հարկավոր է շատ լավ հանդես գալ աշխարհի գավաթի խաղարկություններում։

«Գավաթի առաջիկա խաղարկությունը կայանալու է գերմանական Կոտբուսում։ Մյուս երկուսը տեղի են ունենալու 2020 թվականին, Ավստրալիայում և Արաբական Միացյալ Էմիրություններում։ Եթե Կոտբուսում մեր մարմնամարզիկներն առաջին տեղ չգրավեն, ապա իմաստ չունի մասնակցելու մյուս խաղարկություններին, քանի որ մերոնք պետք է հաղթեն այդ երեք մրցումներում, որպեսզի օլիմպիական ուղեգիր ստանան», - եզրափակեց Հակոբ Սերոբյանը։