Կառավարությունը հայտարարում է ֆենոմենալ թիվ․ այդ պարագայում գործարաններում մարդասպանություն կլիներ․ Հրաչ Բերբերյան
Աջակցիր «Ա1+»-ին«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը ծիծաղելի է համարում Կառավարության հրապարակած ցուցանիշները անասնապահության վերաբերյալ։
Ասում է՝ այդ թվերի վրա մանկապարտեզի երեխան էլ կծիծաղի։
«Խոսք է գնում, որ 2017 թվականին ոչխարի մսի արտադրությունը կազմել է 9 800 տոննա։ Դա այն դեպքում, որ եղել է 750 հազար գլուխ ոչխար։ Մի տարի անց՝ այս Կառավարության օրոք այդ թիվը դարձել է 19000 տոննա։ Այսինքն՝ խոսք է գնում մոտ 1 միլիոն գլուխ ոչխարի մասին»,- ասում է՝ սա աբսուրդային է։
Ինքն անձամբ է զանգահարել Կառավարություն՝ հորդորել հանել հրապարակված թվերը, բայց չեն հանել։
Բերբերյանն անդրադարձավ նաև խաղողի մթերման թվերին։ Ասաց՝ «հայտարարված թվերի առկայության պարագայում մթերման հերթի համար կարող էին մարդասպանություններ լինել»:
«Խաղողի բերքահավաքում աբսուրդ կա, գնումները վերջացել են: Կառավարությունը հայտարարում է մի ֆենոմենալ թիվ՝ 160 հազար տոննա, որը տարօրինակ թիվ է: Այդ պարագայում գործարաններում մարդասպանություն կլիներ: 30 տոկոսով բերքը պակաս է, դա հաստատեց գինեգործների նախագահը, պատճառը հիվանդություններն էին»,- ասաց Հրաչ Բերբերյանը:
Նա նաև մտահոգություն հայտնեց, որ այս տարվա ընթացքում Հայաստանում բանջարաբուծությունը զարգացնելու ուղղությամբ որևէ քայլ այդպես էլ չկատարվեց։ Խնդիր է տեսնում նաև այնտեղ, որ պետք է սուբսիդավորել գյուղացուն, ոչ թե գործարարին։ Ասում է՝ հենց այդ է պատճառը, որ ցածր տոկոսներով վարկերը ստանում են հիմնականում գործարանատերերը՝ գյուղացու անվան տակ։
«Արդյունքում, թանկագի՛ն Կառավարություն, կտեսնեք, թե ինչքան է ավելանալու սպիրտի ներկրման քանակությունը»,- ասաց նա՝ նշելով, որ գործարանատերը կարող է այդ գումարով սպիրտ առնել, ներկայացնել իբրև խաղող և ռեկորդային բերք հայտարարել։