Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Եվրո-2020. Իսպանիան վերջին պահին հասավ բաղձալի արդյունքին և ուղեգիր նվաճեց

Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականը դարձավ 6-րդ թիմը, որը կմասնակցի 2020 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին:

Իսպանացիներն այդ իրավունքը նվաճեցին ընտրական փուլի 8-րդ տուրում, երբ Շվեդիայի հետ հանդիպման վերջին րոպեին կարողացան հավասարեցնել հաշիվը և ոչ-ոքի խաղալ՝ 1:1: Այդպիսով, Իսպանիան F խմբում նվազագույնը ապահովեց 2-րդ տեղը, քանի որ նրան հետապնդող Շվեդիան ու Ռումինիան հաջորդ տուրում հանդիպելու են իրար հետ և միանշանական միավորներ են կորցնելու:

Իսկ ահա D խմբի առաջատար Իռլանդիայի հավաքականը հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվեց Շվեյցարիայի թիմին: Այժմ կորցրած միավորներով իռլանդացի ֆուտբոլիստները զիջում են և շվեյցարացիներին և դանիացիներին:     

Ընտրական J խմբում, որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականը, Իտալիայի ընտրանին տարավ 8-րդ անընդմեջ հաղթանակը՝ հյուրընկալվելիս ջախջախելով Լիխտենշտեյնին՝ 5:0: Երկրորդ տեղում լիովին ամրապնդվեց Ֆինլանդիան, քանի որ կորցրած միավորներով իրենց առավել մոտ գտնվող Բոսնիա և Հերցեգովինան 1:2 հաշվով պարտվեց Հունաստանին: Հաջորդ խաղում եթե սկանդինավյան թիմը հաղթի Լիխտենշտեյնին, ապա իր պատմության մեջ առաջին անգամ կմտնի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ: