Բացել լրահոսը Փակել լրահոսը
72331909_1347571445417958_6985605023786860544_n
A A
Քաղաքականություն

Հարգում եմ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, բայց ընդունել-չընդունելը մեր որոշելիքն է․ պատգամավորը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին (տեսանյութ)

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի համար անսպասելի է եղել Սահմանադրական դատարանի որոշումը, որով մերժեց վարույթ ընդունել Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործի քննությունը։

Պատգամավորը չի շտապում գնահատական տալ այս որոշմանը, քանի որ Սահմանադրական դատարանը դեռ չի հրապարակել այն հիմքերը, ըստ որի մերժել է գործի քննությունը վարույթ ընդունել։

«Սպասելու ենք հրապարակմանը, որ հետո մասնագետները կարծիք հայտնեն, որ հասկանալի դառնա սա կամայականությո՞ւն էր, թե օրենքի շրջանակում վերլուծություն, որովհետև կարող է ինչ-որ վրիպակ է եղել կամ ինչ-որ խնդիրներ, որոնք հիմք են հանդիսացել նման որոշում ընդունելու համար»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց պատգամավորը։ 

 Սոֆիա Հովսեփյանից հետաքրքրվեցինք նաև «Կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիայի շուրջ (Ստամբուլյան կոնվենցիա) Վենետիկի հանձնաժողովի եզրկացության վերաբերյալ։

Նշենք, որ Վենետիկի հանձնաժողովի գնահատմամբ` Ստամբուլյան կոնվենցիան հակասություններ չունի Հայաստանի Սահմանադրության հետ, սակայն ըստ հանձնաժողովի՝ Հայաստանի Սահմանադրական դատարանի գործառույթն է որոշել` որքանով է Ստամբուլյան կոնվենցիան համապատասխանում երկրի սահմանադրությանը։

«Հարգում եմ, որ Վենետիկի հանձնաժողովը իր կարծիքը հայտնել է, բայց ընդունել-չընդունելը մեր որոշելիքն է»,- ասաց Սոֆիա Հովսեփյանը։

Պատգամավորը բազմիցս է նշել, որ դեմ է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը։ Սոֆիա Հովսեփյանի համոզմամբ՝ կոնվենցիան հակասում է ՀՀ Սահմանադրությանը, խնդիրներ կան կապված մեր արժեհամակարգի և ազգային պատկանելիության հետ։

«Վերցնել ու ջնջել տարիների ապրածը, ու ասել՝ մարդիկ, մոռացեք, որ դուք այսպես եք ծնվել, ապրել, մեծացել այս արժեհամակարգով և բերել նոր արժեհամակարգ, դա անընդունելի է»,- նշեց Սոֆիա Հովսեփյանը։

Հիշեցնենք, որ Արդարադատության  նախարար Ռուստամ Բադասյանը ամիսներ առաջ  դիմել էր Վենետիկի հանձնաժողովին՝  խնդրելով կարծիք տրամադրել «Կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիայի սահմանադրական ազդեցության վերաբերյալ։