Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_1172
A A
Տնտեսություն

Հայաստանում ամենավտանգավոր թափոնները չունեն հատուկ հատկացված վայր․ փորձագետ (տեսանյութ)

«Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի»-ի (ՀԱԱՊ) «Արագ սպառման ապրանքներ»-ի հանձնաժողովի նախաձեռնությամբ «Կենցաղային թափոնների կայուն կառավարում» թեմայով  քննարկում է կազմակերպվել Արմենիա Մարիոթ հյուրանոցում։

Ներկա էին ՀԱԱՊ գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանը, Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը, Հայաստանի Ամերիկյան համալսարանի Շրջակա միջավայրի Յակոբեան կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը, կենտրոնի շրջանաձև տնտեսության փորձագետ Հարություն Ալպետյանը, ՀՀ-ում Միավորված ազգերի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը, ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնսալո Սեռանո Դե Լա Ռոսան, «Կոկա-Կոլա»-ի Հարավային և Արևելյան Աֆրիկայի տարածաշրջանում Կայուն փաթեթավորման և գյուղատնտեսության բաժնի ղեկավար Կասպեր Դուրանդտը, «Սոնովի Ռումինիա և Մոլդովա» ընկերության Հասարակայնության հետ կապերի գծով տարածաշրջանային ցանցի ղեկավար  Միգիրել Ռադուլեսկուն և այլք։

Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի և Շրջանային տնտեսության փորձագետ Հարություն Ալպետյանն իր ելույթում անդրադարձավ աղբահանության ու աղբի վերամշակման խնդիրներին։

Ալպետյանն ասաց, որ հարցում են կատարել 20-ից ավելի աղբ վերամշակող ընկերություններում և պարզել, որ դրանք բողոքում են հումքի պակասից։ «Մենք ունենք վերամշակման կարողություններ, որոնք չունեն հումք, ունեն հումքի պակաս։ Եվ այդ հումքի պակասը կարող է միմիայն լրացվել լավ աշխատող տարանջատ համակարգի պայմաններում»,- ընդգծեց նա։

Փորձագետը նշեց, որ Հայաստանում առաջին կարգի վտանգավորություն ունեցող, ամենավտանգավոր թափոնները չունեն հատուկ հատկացված վայր, և օրենքը պարտադրում է տանել այդպիսի աղբը մի վայր, որը գոյություն չունի։ 

«Ամենավտանգավոր թափոններ առաջացնողները ստիպված են լինում իրենք պահեստավորել ու իրենց միջոցներով պահել։ Եվ սովորաբար դրանց ինչ-որ ճանապարհով ընկնում են աղբավայր։ Զանգում են ինչ-որ տրանսպորտային ընկերության, որը երբեք չի մտածում ու պատասխանատու չէ, ի դեպ, վերցրած ու տեղափոխած աղբի համար»,- շեշտեց նա։ Հարություն Ալպետյանը նաև հավելեց, որ Հայաստանում առկա են մոտ 300 աղբանոցներ, սակայն դրանք չի կարելի կոչել աղբավայր, ինչպես նաև նշեց ստեղծվելիք 2 սանիտարական աղբավայրերի մասին։