Դպրոցից 14 երեխա սրտխառնոցով և թուլությամբ հոսպիտալացվել է Արտաշատի բժշկական կենտրոն
Աջակցիր «Ա1+»-ինԱռողջապահության նախարարությունը տեղեկատվություն է ստացել, որ Արտաշատի թիվ 5 դպրոցից նախնական տվյալներով 14 երեխա սրտխառնոցով և թուլությամբ հոսպիտալացվել է Արտաշատի բժշկական կենտրոն։
Նախարարությունից տեղեկացնում են, որ տեղում ձեռնարկվել են միջոցառումներ, որի արդյունքում պարզվել է, որ երեխաները կերել են նրբերշիկով պատրաստված պիցցա։
«Երեխաներից վերցվել են նմուշառումներ լաբորատոր հետազոտությունների համար, ինչպես նաև նմուշներ են վերցվել դպրոցի խոհանոցից և պիցցայի մնացորդներից։
Միաժամանակ, դեպքի առնչությամբ աշխատանքներ են իրականացվում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից։ Դպրոցում դադարեցվել է պիցցայի վաճառքը։
Ներկայումս երեխաները ստանում են համապատասխան բժշկական օգնություն: Վերջիններս գանգատվում են թուլությունից և սրտխառնոցից:
Այժմ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի մասնագետներն աշխատում են դպրոցում` նման գանգատներով այլ երեխաներ հայտնաբերելու համար։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»:
Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանն էլ դեպքի առթիվ Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Սննդային թունավորման դեպք է գրանցվել Արտաշատի թիվ 5 դպրոցում:
Նախնական տվյալներով՝ երեխաները թունավորվել են դպրոցի բուֆետում վաճառվող սննդից:
Այս պահին 19 աշակերտ տեղափոխվել է հիվանդանոց:
Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Դեպքի վայրում և հիվանդանոցում աշխատում են Արարատի մարզային քննչական վարչության քննիչները»: