Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Ֆինլանդիա-Հայաստան. նժարի վրա է Եվրո-2020-ի այս խմբի վերջին ուղեգիրը

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն այսօր կանցկացնի իր 8-րդ հանդիպումը Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլում: Մեր ֆուտբոլիստները Տուրկուի «Վերիտա» մարզադաշտում ուժերը կչափեն Ֆինլանդիայի ընտրանու հետ:

Հայաստանի հավաքականին շատ լուրջ փորձություն է սպասվում առաջիկա խաղում: Նախ, Ֆինլանդիայի հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ լավ շանսեր ունի մտնելու Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ: Դա բավականին մեծ ստիմուլ է դաշտի տերերի համար:

Երկրորդ, ֆինն ֆուտբոլիստները շատ հաջող են հանդես գալիս սեփական դաշտում: Մասնավորապես՝ 2017թ նոյեմբերից սկսած Ֆինլանդիայի ընտրանին սեփական դաշտում անցկացրած 9 պաշտոնական հանդիպներում տարել էր 8 հաղթանակ, ընդ որում անառիկ պահելով սեփական դարպասը բոլոր խաղերում: Միակ հավաքականը, որն կարողացել է ընդհատել ֆինների այդ «չոր» սերիան, Իտալիայի ընտրանին է, որն այս տարվա սեպտեմբերի 8-ին Եվրո-2020-ի շրջանակում 2:1 հաշվով հաղթել է Տամպերեում:

Երրորդ գործոնն այն է, որ Ֆինլանդիայի հավաքականն այլևս նահանջելու տեղ չունի: Երեք օր առաջ Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու հարկի տակ 1:4 հաշվով պարտվելուց հետո ֆինները բավականին խոցելի են դարձել իրենց գլխավոր մրցակիցների համար: Դա նախևառաջ մեր հավաքականն է, որը թեև անսպասելի միավորներ կորցրեց ետնապահ Լիխտենշտեյնի հետ խաղում, սակայն հաղթելու դեպքում կշրջանցի հենց Ֆինլանդիային և կբարձրանա 2-րդ տեղ: Նույնը կարող է անել նաև Բոսնիա և Հերցեգովինան, որն այսօր հյուրընկալվելու է այս ընտրական փուլում անհաջող հանդես եկող Հունաստանին: 

Հայաստանի հավաքականի համար այսօրվա հանդիպումն էլ ավելի մեծ նշանակություն ունի, քանի որ պարտվելու դեպքում մեր թիմը դուրս կմնա ուղեգրի համար պայքարից, իսկ ոչ-ոքիի ժամանակ արդեն պետք է հաղթել Հունաստանին ու Իտալիային՝ միաժամանակ հույս դնելով մրցակիցների սայթաքումների վրա, ինչն անիրատեսական է, քանի որ և Ֆինլանդիան, և Բոսնիա և Հերցեգովինան դեռ խաղալու են Լիխտենշտեյնի հետ (դրանցից մեկնումեկը հաստատ կհաղթի ետնապահին – հեղ.):

Նշենք, որ Ֆինլանդիա – Հայաստան հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 20:00-ին: Տուրկույում այսօր սառը եղանակ է սպասվում (կեսօրին +5 աստիճան, երեկոյան՝ 0), սակայն խաղադաշտում անչափ թեժ է լինելու, քանի որ նժարի վրա դրված է Եվրո-2020-ի այս խմբի վերջին ուղեգիրը: