Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Եվրո-2020. Ուկրաինան հաղթեց գործող չեմպիոն Պորտուգալիային և մտավ եզրափակիչ փուլ

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնությունում կայացան ընտրական փուլի 8-րդ տուրի հերթական հանդիպումները:

B խմբի առաջատար Ուկրաինայի հավաքականը սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթեց Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիային, վաստակեց 19 միավոր և ժամանակից շուտ մտավ եզրափակիչ փուլ: Պորտուգալացիները, որոնք ունեն 11 միավոր, երկրորդ ուղեգիրը նվաճելու համար պետք է հաղթեն մնացած երկու հանդիպումներում: Նրանց միակ մրցակիցը Սերբիայի ընտրանին է, որն այս տուրում մեծ դժվարությամբ հաղթեց Լիտվայի թիմին՝ 2:1:

A խմբի առաջատար Անգլիայի ընտրանին հյուրընկալվելիս 6:0 հաշվով ջախջախել է Բուլղարիայի ազգային թիմին: Անգլիացիները Եվրո-2020-ի եզրափակիչ մտնելու համար այժմ պետք է մնացած երկու խաղում վաստակեն ընդամենը 1 միավոր: Երկրորդ տեղի համար պայքար են մղում Չեխիան ու Կոսովոն:

H խմբի առաջատարներ Ֆրանսիայի և Թուրքիայի հավաքականները այս տուրում հանդիպեցին: Փարիզում կայացած խաղն ավարտվեց ոչ-ոքիով՝ 1:1: Թիմերը վաստակել են 19-ական միավոր, սակայն առաջին տեղը զբաղեցնում են թուրք ֆուտբոլիստները, քանի որ նրանք դրական բալանս ունեն ֆրանսիացիների հետ խաղերում (2:0, 1:1): Երրորդ տեղում ընթացող Իսլանդիան չնայած սեփական դաշտում վստահ հաղթեց Անդորային՝ 2:0, սակայն դեռևս 4 միավորով ետ է մնում երկու առաջատարներից: