Բացել լրահոսը Փակել լրահոսը
72579425_779585222493744_4365249440752074752_n
A A
Քաղաքականություն

Կարեւոր է, որ Գախարիայի այցի ժամանակ թարմացվի մեր միջպետական օրակարգը․ վրացագետ (տեսանյութ)

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի մեկօրյա այցը Հայաստան ունի ավելի շատ ճանաչողական բնույթ, քանի որ նա որպես վարչապետ Հայաստան առաջին անգամ է այցելում, կարծում է վրացագետ Ջոնի Մելիքյանը։

«Նիկոլ Փաշինյանը վերջերս հայ-վրացական հարաբերությունների պարագայում հնչեցրեց ռազմավարական բառը, պետք է այդ գաղափարը զարգացնել, և մեր ռազմավարության մեջ պետք է հստակեցնենք, թե  ինչպես ենք տեսնում մեր հարաբերությունները Վրաստանի հետ մոտ ապագայում։ Վրաստանի հետ ամենազարգացած ուղղվածությունը տնտեսական և առևտրային հարաբերություններն են, ենթակառուցվածքների մասով՝ տուրիզմի և էներգետիկայի ոլորտը։  Շատ կարևոր է, որ այս այցի ժամանակ թարմացվի մեր միջպետական օրակարգը։ Միջպետական հարաբերություններում, որ առկա են նաև տարածաշրջանային հարցերի քննարկումներն, պետք է Արցախի հարցի շուրջ մեր մոտեցումը ներկայացվի, քանի որ Բաքվում այդ հարցին, հավանաբար անդրադարձել են»,- նշեց նա։

Քաղաքագետ Նարեկ Մինասյանի կարծիքով՝ այն, որ Գեորգի Գախարիան առաջինը այցելել է Ադրբեջան, իր մեջ պարունակում է նաև քաղաքական ուղերձ, որն ադրբեջանական իշխանություններին և միջազգային հանրությանը հստակ արձանագրում էր Վրաստանի համար Ադրբեջանի ռազմավարական կարևորության մասին։ Սակայն, ըստ նրա, հատկանշական է նաև, որ Հայաստանի հետ Վրաստանը  բավականին նախաձեռնողական քաղաքականություն է իրականացրել Վրաստանի նախկին վարչապետ Մամուկա Բախտաձեի կառավարման շրջանում, և ստեղծվել է բավականին դրական դինամիկա, ինչը պետք է պահպանել։

«Հայաստան և Վրաստան երկկողմ հարաբերություններում  հատկանշական են ոչ ֆորմալ բնույթի հանդիպումները երկու երկրների  վարչապետների միջև։ Ութ տարվա դադարից հետո տեղի ունեցավ հայ -վրացական առևտրատնտեսակաան միջակառավարական խորհրդի նիստը, որը բավական կարևոր էր։ Տեղի ունեցավ հայ -վրացական բիզնես համաժողով Հայաստանում, որը որոշակի խթան էր հաղորդում հայ-վրացական հարաբերություններին, և ստեղծվել էր ընդհանուր առմամբ դրական դինամիկա։ Պետք է ակնկալել Գեորգի Գախարիայի օրոք ևս հնարավոր կլինի պահպանել դրական դինամիկան և քննարկել նոր օրակարգային հարցեր»,- նշեց Նարեկ Մինասյանը։