Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+lix-armenia 13.10.
A A
Սպորտ

Եվրո-2020. Հայաստանին չհաջողվեց հաղթել ետնապահ Լիխտենշտեյնին (տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական մրցաշարի 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը Վադուցում ոչ-ոքի խաղաց Լիխտենշտեյնի ընտրանու հետ:

Մեր ընտրանին բավականին ակտիվ սկսեց հանդիպումը և արագ բացեց հաշիվը: Հանդիպման 19-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանը հեռահար հարվածով գրավեց դարպասը: Ավաղ, Հայաստանի հավաքականը հետագայում թուլացրեց գրոհների թափը և չկարողացավ ամրապնդել առավելությունը:

Երկրորդ խաղակեսն արդեն ակտիվ սկսեցին գործել տանտերերը, որոնք թեև շարունակում էին մեծ ուժերով պաշտպանվել, սակայն արդեն ավելի հաճախ էին դիմում հակագրոհների: Դրանցից մեկը 72-րդ րոպեին ավարտվեց գոլով, երբ մեր դարպասապահ Արամ Հայրապետյանն անհաջող հետ մղեց Սալանովիչի հարվածը և վրա հասած Յանիկ Ֆրիկը հավասարեցրեց հաշիվը: Մնացած ժամանակում խաղն կրկին անցավ մեր թիմի առավելությամբ, սակայն գոլ խփել այդպես էլ չհաջողվեց: 

Այդպիսով, Հայաստանի հավաքականն անսպասելի ոչ-ոքի՝ 1:1 խաղաց խմբի ետնապահի հետ և կարևոր միավորներ կորցրեց ուղեգրի համար պայքարում: Այժմ մեր ընտրանին ունի 10 միավոր և Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հետ բաժանում է 3-4-րդ տեղերը:

Հաջորդ հանդիպումը Հայաստանի ընտրանին կանցկացնի հոկտեմբերի 15-ին: Այդ օրը մերոնք կհանդիպեն 2-րդ տեղում ընթացող Ֆինլանդիայի հետ, որն այսօր 1:4 հաշվով պարություն է կրել Բոսնիա և Հերցեգովինայի հետ խաղում:

Առաջարկում ենք դիտել նաեւ Արմեն Գյուլբուդաղյանցի մամուլի ասուլիսը Լիխտենշտեյն - Հայաստան խաղից հետո.