Բացել լրահոսը Փակել լրահոսը
Կոմիտաս
A A
Հասարակություն

«Կոմիտաս Ռեստարտ»․ նախագիծ` նվիրված մեծն վարդապետի 150-ամյակին (տեսանյութ)

Երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ Կոմիտաս վարդապետի 150-ամյակի տոնակատարությանից անմասն չի մնացել նաև «Ռադիո Վան» ռադիոկայանը։

Ռադիկայանի հաղորդավար Եգոր Գլումովն իր գործընկերների հետ այս տարվա սկզբից նախաձեռնել է երգահանի հոբելյանին նվիրված «Կոմիտաս Ռեստարտ» նախագիծը։

«Ա1+»-ի հետ զրույցում հաղորդավարն ասաց, որ Կոմիտասի երաժշտությունը վերագործարկման կարիք ուներ, ուստի որոշեցին դիմել հայաստանցի երաժիշտներին ու երգիչներին, որպեսզի նրանք ներկայացնեն Կոմիտասի երգերը և մշակումները։

«Մեծ սիրով արձագանքեցին մեր այդ կոչին, և նախագիծը սկսեց ապրել իր կյանքով։ Այս նախագծի շրջանակներում մենք ուզում ենք ապացուցել մի շատ հասարակ փաստ, որ, կարծես թե, ոչ մի ապացույցի կարիք չունի, որ Կոմիտասը ոչ թե կոմիտասագետներինն է կամ Կոնսերվատորիայի դասախոսներինն է կամ դասական երգիչներինն է, այլ՝ Կոմիտասը բոլորինն է»,- նշեց նա՝ հավելելով , որ յուրաքանչյուրը Կոմիտասին յուրովի ներկայացնելու իրավունք ունի։

Կոմիտասը, ըստ Գլումովի, մեր համահայկական և համամարդկային արժեքն է։ Եգոր Գլումովը նշեց նաև, որ իդեալական կլինի, եթե վերջում լավագույն կատարումներից կազմված համերգ կայանա։ Կատարումներում, նրա խոսքով, ոճային սահմանափակումներ չկան․ ջազ, դասական, ֆոլք, ռոք, բլյուզ, փոփ, դիջեյական բիթեր, սազ և այլն։

Հարցին, թե այլազգի կամ այլ երկրներից կատարողներ ներգրավվա՞ծ են, Գլումովն ասաց, որ մասնակիցները Հայաստանի կատարողներ են, և արտասահմանից ներգրավելու խնդիր դրված չի եղել։ «Չնայած, եթե Սերժ Թանկյանը կամ ինչ-որ մեկը կհամաձայնվի, տաղավարն ազատ է․ կարող է գալ, մասնակցել»,- ընդգծեց նա։

Պրոդյուսեր Ժակը, որը նույնպես նախագծի դերակատարներից մեկն է,ասաց, որ «Ռադիո Վան» ռադիոկայանը, որոշում կայացնելով որոշակի միջամտություն ունենալ Կոմիտասի 150-ամյակի տոնակատարությանը, իր առջև մեծ պատասխանատվություն ու կարևոր առաջադրանք դրեց։

«Երբ որ այն սկսեց կայանալ, մենք հասկացանք, որ հաջորդող տարիների ընթացքում կարող ենք ընտրել այլ թեմաներ և այլ ուղղություններ, և մեր գործողությունները և աշխատանքը դասավորել այնպես, որպեսզի անդրադարձ ունենանք այլ երաժիշտների, այլ հեղինակների»,- ընդգծեց պրոդյուսերը։

«Նեմրա» ռոք խումբը (Վան Եղիազարյանը, Վասպուր Եղիազարյանը, Մարիաննա Կարակեյանը, Մարեկ Զաբորսկի) նույնպես «Ռադիո Վան»-ի ստուդիայում էր և այսօր հանդես եկավ կատարումով։

«Ա1+»-ը զրուցեց խմբի հետ։ Մենակատար Վան Եղիազարյանն ասաց, որ մեծ սիրով են համաձայնվել մասնակցել այս ծրագրին, քանի որ Կոմիտասն իրենց համար հայկական հազվագյուտ արժեքներից մեկն է։

«Եթե մենք ասում ենք հայկական երաժշտություն, մաքուր հայկական լադեր և այլն, միանգամից, առաջին բանը, որ պատկերացնում ենք՝ Կոմիտասն է և իր մշակած երաժշտությունները»,- նշեց նա։