Շանը կապել են մեքենայից և ամբողջ քաղաքով պտտեցրել․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացրած կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի նախագիծը։
Նաիրա Զոհրաբյանը մինչև նախագիծը զեկուցելը գործընկերներին ներկայացրեց, որ 2 օր առաջ Գյումրիում շան հանդեպ դաժան վերաբերմունք է ցուցաբերվել։
«Մի անասուն, որովհետև ես չեմ կարող մարդ համարել մեկին, ով շանը կապել է իր մեքենայից և ամբողջ քաղաքով պտտեցրել է։ Անձը հայտնի է, և ընդամենը արել է հավեսի համար։ Ես ոստիկանությունում տվել եմ հանցագործության մասին հաղորդում»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Ըստ պատգամավորի՝ եթե իրենց խմբակցության կողմից ներկայացրած օրինագիծը արդեն վերջնական ընդունված լիներ, այդ քաղաքացին քրեական պատասխանատվության ենթարկված կլիներ։ Նախատեսվող փոփոխությունների համաձայն՝ կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունք ցուցաբերած անձը պատժվելու է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկը կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 1 տարի ժամկետով։
Գործող օրենքի համաձայն՝ քաղաքացիների նկատմամբ սահմանված է նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսունապատիկը, իսկ պաշտոնյա անձանց նկատմամբ՝ ութսունապատիկից մինչև հարյուրապատիկը։ Նաիրա Զոհրաբյանի համոզմամբ՝ նախատեսվող փոփոխությունները մեղմ են։
Նա օրինակներ բերեց տարբեր երկրներից, որտեղ պատիժն ավելի խիստ է սահմանված։
Հիշեցնենք, օրենքի նախագիծը Ազգային ժողովի լիագումար նիստում օրինագիծը առաջին ընթերցմամբ ընդունվել է։
Դիտել տեսանյութն այստեղ՝ Watch this video on YouTube.