Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ֆուչիկի շենք
A A
Հասարակություն

Բազմաֆունկցիոնալ բնակարանային համալիր է կառուցվում․ Ֆուչիկ 1/3 շենքի բնակիչները բողոքում են (տեսանյութ)

Ֆուչիկի 1/3 նորակառույց շենքի բնակիչները բողոքում են շենքի հարևանությամբ ընթացող շինարարությունից։ Նրանք նշում են՝ երեք մասնաշենքից կազմված բազմաֆունկցիոնալ բնակարանային համալիր է կառուցվում, ընդ որում՝ դիմացը կառուցվող շենքը նախագծով 16-հարկանի է լինելու։ 

14-հարկանի շենքի բնակիչների շահերը ներկայացնող փաստաբան Արմեն Օհանյանն ասաց, որ պատկան մարմիններին բազմիցս դիմել են, սակայն որևէ գոհացուցիչ պատասխան չեն ստացել, և իրենց բարձրացրած խնդրով քայլեր չեն կատարվել։ 

Նրա փոխանցմամբ՝ բնակիչները ներկայացրել են մի շարք խախտումներ։ «Մասնավորապես կառուցապատման խտությունը հաշվի չի առնվել, որովհետև այս տարածքը, որ նայեք, մեքենաները կայանելու տեղ չկա։ Այստեղ նախատեսվում է կառուցել շուրջ 5000 քմ հասարակական տարածք, որում ենթադրաբար պետք է լինեն խանութներ, սպասարկման ոլորտի ծառայություններ մատուցող տարբեր ընկերություններ և դրանցից օգտվողների մեքենաներ։ Էլ չեմ ասում, որ հարյուրավոր բնակարաններ պետք է լինեն և իրենց բնակիչների մեքենաները»,- ընդգծեց նա։

Առանց այն էլ, շարունակեց նա, խիտ կառուցապատված տարածք է։

 «Երբ որ մենք քաղաքաշինական ոլորտի հղումներ արեցինք, որ կառուցապատման գործակիցներ կան՝ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի հրամանով հաստատված, քաղաքապետարանի աշխատակիցն ասել է, որ դա ֆիկցիա է՝ «Դա կա, բայց դրա հաշվելու ձևը ոչ ոք չգիտի»։

«Սա բիզնես պրոյեկտ է․ մասնավոր անձը կառուցում է սա իր մասնավոր շահույթը ստանալու համար։ Այս մարդիկ էլ են գնել, որպեսզի ապրեն։ Այս շենքի կառուցումով ունենալու են լուրջ կորուստ, գույքային վնաս։ Այսինքն՝ իրենք յուրաքանչյուրը պայմանականորեն 100 հազար դոլար տվել, տուն է գնել, որովհետև ունի լավ տեսարան և արևկող է։ Ստացվում է էս շենքը, որ փակվեց, լուսավորությունը զգալի նվազելու է»,- շեշտեց Օհանյանը։

Նա հավելեց, որ վարչապետից սկսած մինչև Երևանի քաղաքապետ  դիմել են և որոշ պատասխաններ եկել «Քննարկման ընթացքում ձեր գրածները, դիտողությունները հաշվի կառնվեն» ընդհանուր բովանդակությամբ։ 

«Բայց մենք գրել ենք մեր դիմումներում, որ շատ ասելիք ունենք, մենք անգամ նշել ենք, որ ցանկացած փաստաթուղթ, որ պետք է տրամադրվի, ցանկացած վարույթ իրականցվի, այդ վարույթին մենք մասնակից լինենք»,- մանրամասնեց փաստաբանը։ 

Ըստ Օհանյանի՝ հենց դիմում են քաղաքապետարան տվյալ շենքի շինթույլտվության  վերաբերյալ որևէ փաստաթղթի մասին տեղեկություն ստանալու համար, անմիջապես հետո քաղաքային իշխանությունները կառուցապատողին  տալիս են քաղաքաշինական փաստաթուղթը։

Ըստ փաստաբանի՝ օրենսդրության համաձայն՝ ցանկացած հարցի քննարկման ժամանակ, երբ որ երրորդ անձի շահին, իրավունքներին, պարտականություններին կարող է որևէ բան անդրադառնալ, տվյալ անձը պետք է վարույթին մասնակից լինի, անգամ եթե չի դիմում։ 

«Մենք դիմելու խնդիր չունեինք։ Վարչական մարմինը, երբ որ վարույթ էր իրականացնում քաղաքաշինական փաստաթղթեր տալու, իր համար պետք է ակնհայտ լիներ, որ այս շենքի բնակիչների իրավունքներին որոշակի սահմանափակումներ են գալու։։ Ավելին՝ բազմաթիվ դիմումներ ենք ներկայացրել, գրել ենք, որ «Մեզ վնաս է պատճառվելու։ Առնվազն, գոնե, վնասի հատուցումից հետո իրականացվի շինարարությունը», բայց էլի մեզ հետ ոչ մեկ չի էլ փորձել բանակցել»,- մանրամասնեց Արմեն Օհանյանը։

Շենքի բնակիչներից Շուշանիկ Խաչատրյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ երբ տեխնիկան մտել է տարածք, անձամբ զանգել է քաղաքապետարան, որտեղից իրեն վստահեցրել են, թե թույլտվությունը տրված է եղել։ Այնուհետև, շարունակեց նա, երբ որ շենքի այլ բնակիչներից նույնպես փորձել են տեղեկություն ստանալ թույլտվության վերաբերյալ, քաղաքապետարանից պատասխանել են, թե պետք է գրավոր դիմել տեղեկություն ստանալու համար։ 

«Դա նշանակում է, որ իրենք արհեստականորեն փորձեցին ժամանակ շահել, որպեսզի մենք սուս մնանք մեր տեղերը, մեր գրավորի պատասխանը ստանանք և նոր մեր քայլերը ձեռնարկենք։ Պարզվում է , թույլտվությունը կար, ուղղակի ժամանակը ձգելու համար վստահեցրեցին՝ «Որ դուք պետք է գրավոր դիմեք, որ մենք պատասխանը տանք»»,- նշեց շենքի բնակիչը։  

Բնակիչներից համար կասկածելի է նաև այն, որ Ֆուչիկի փողոցի հետ խաչվող Աբելյան փողոցի վրա չի թույլատրվում բարձրահարկ շենք կառուցել, ուստի շենքը «մտցրել են» Ֆուչիկի 1/1 և 1/2 հասցեներում տակ, որպեսզի կառուցապատողը հնարավորություն ստանա բարձրահարկ շենք կառուցել ։ 

Բնակիչներից Աննա Գրիգորյանն ասաց, որ բնակարան ձեռք բերելիս ընտրել է հարավային ուղղությունը՝ տեսարանի, արևի լույսի համար։ «Բնակարանի արժեքը քառակուսի մետրի համար իմ դեպքում 120 դոլար, բայց մարդիկ են եղել 150 դոլար ավել են վճարել հյուսիսային կողմի բնակարանների համեմատ»,- նշեց նա։ 

Շենքի մոտ բնակիչներին հանդիպեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։ Մեզ հետ զրույցում նա ասաց, որ իրեն բնակիչներից մեկն է տեղեկացրել այս մասին, և  եկել է այստեղ։ Ըստ նրա՝ բնակիչների մատնանշած խախտումները ենթական են քննարկման։ 

«Առնվազն դեպք է դադարեցվեն աշխատանքները և քննարկումներ սկսվեն հետագա նախագծի հետ կապված, որովհետև հետագա իրավական գործընթացները չեն բխում կառուցապատողի շահերից և ավելի լավ կլինի, որպեսզի ստեղծվի քննարկման դաշտ քաղաքապետարանի, կառուցապատողի և բնակիչների միջև, որպեսզի խնդիրը կարգավորվի»,- նկատեց ավագանու անդամը։

Խաժակյանն ասաց, որ երկուշաբթի օրը պատրաստվում է խոսել Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ՝ հասկանալու համար քաղաքային իշխանությունների դիրքորոշումը, թե ինչու քննարկումներ չեն իրականացվել և որքանով են իշխանությունները բնակիչների դժգոհություններից տեղյակ։ 

«Լույս» խմբակցության ղեկավարը հավելեց, որ հոկտեմբերի 8-ին կայանալիք ավագանու նիստին այս հարցը պետ է բարձրացվի։ «Եթե կառուցապատողը չգա ընդհանուր քննարկմանը, քաղապետարանը չքննարկի այս հարցը բնակիչների հետ, դրանից տուժելու են և՛ քաղաքապետարանը, և՛ կառուցապատողը, որովհետև դատական գործընթացները կարող են այնքան երկարել, որ իրենց նախանշած ժամկետները դրանից կտուժեն» ,- ընդգծեց նա։