Բացել լրահոսը Փակել լրահոսը
53415065_563824840796874_2307898456007507968_n.thumb
A A
Քաղաքականություն

Առաջարկվում է Մաշկաբանության և սեռավարակաբանական գիտաբժշկական կենտրոնը մասնավորեցումից հանել

Խորհրդարանը քննարկում է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Մաշկաբանության և սեռավարակաբանական գիտաբժշկական կենտրոնը մասնավորեցումից հանել:

Նախագիծը ներկայացրեց Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը:

«Նախագծով առաջարկվում է մասնավորեցման ցանկից հանել Մաշկաբանության և սեռավարակաբանական գիտաբժշկական կենտրոնը: Ժամանակին այս կենտրոնի մասնավորեցման ցանկի մեջ մտնելու հիմնավորումներից մեկը բյուջետային համալրումներն են եղել: Կարծում եմ, որ այս բժշկական կենտրոնը մասնավորեցման ցանկի մեջ ներառվել է բավականին գայթակղիչ տարածք ունենալու պատճառով: Այնտեղ մոտ 2.3 հա տարածք կա, որի մեծ մասը հաստաբուն ծառեր են»,- ընդգծեց Նարեկ Զեյնալյանը:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին հետաքրքրում էր, թե հաշվարկ կատարվե՞լ է, բյուջեի վրա ի՞նչ ֆինանսական ազդեցություն է ունենալու մասնավորեցումից դուրս բերելը:

Ի պատասխան՝ Նարեկ Զեյնալյանն ընդգծեց, որ այս պահին պետության վրա հավելյալ ծանրաբեռնվածություն չկա, բացառությամբ պետպատվերի: «Հավելյալ ներդրումների կարիք մեծ ծավալի չկա: Շենքի պայմանները բավարար են, բայց, եթե նույնիսկ կարիք լինի հավելյալ ներդրումների, ապա պետությունը պարտավոր է դրանք անել, անկախ դրանց ծավալից»,- ընդգծեց Զեյնալյանը: