Պատվիրակություններ՝ 23 երկրներից․ Տեխնոլոգիական համաշխարհային համաժողովն ու ցուցահանդեսը կանցկացվեն զուգահեռ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյս տարի հոկտեմբերի 6-9-ը Հայաստանում տեղի կունենա Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը (WCIT 2019), որին զուգահեռ նույն ժամանակահատվածում կանցկացվի նաև «ԴիջիԹեք» 15-րդ հոբելիանական տեխնոլոգիական ցուցահանդեսը։ Համաժողովը կանցկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, իսկ ցուցհանդեսը՝«Երևան Էքսպո» (Մերգելյան) կենտրոնում։
Անցկացվելիք միջոցառումների մանրամասները լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեցին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
««Դիջիթեք»-ը մեր ամենակարևոր միջոցառումներից է։ Այնտեղ մենք կարողանում ենք ի ցույց ամբողջ աշխարհի՝ միջազգային բարձր մակարդակով ներկայացնել հայկական բարձր տեխնոլոգիական ընկերությունները»,- նշեց Հակոբ Արշակյանը։
Միջազգային հանրությունը, նախարարի խոսքով, այս տարի կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին մասնակցելուն զուգահեռ հնարավորություն կունենա ծանոթանալ Մերգելյան կենտրոնում ընթացող «Դիջիթեք» ցուցահանդեսում ներկայացվող հայկական տեսխնոլոգիական ընկերությունների ունեցած արտադրանքին։
Խոսելով ՏՏ համաժողովի շրջանակներում անցկացվելիք նախարարների կլոր սեղանի մասին՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն ասաց, որ արդեն իսկ 23 երկրներից նախարարների գլխավորությամբ հաստատված պատվիրակություններ են գալու Հայաստան, և վերջիններս նույնպես հնարավորութուն կունենան այցելելու Մերգելյան կենտրոն։
Կարեն Վարդանյանը նշեց, որ սկզբում որոշում է կայացվել թե՛ Տեխնոլոգիական ցուցահանդեսը, թե՛ ՏՏ համաժողովն անցկացնել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, սակայն համաժողովի հագեցած օրակարգը թույլ չէր տվել, ուստի «Դիջիթեք»-ը կանցկացվի Մերգելյանում։ Միության գործադիր տնօրենն ասաց, որ սա վերջին ցուցահանդեսն է լինելու կենտրոնում, քանի որ տարածքը, պայմանավորված մասնակիցների շատ թվով, այլևս չի բավականացնում։
Եռօրյա համաժողովի մասնակիցները, Վարդանյանի խոսքով, ովքեր ելույթներ չեն ունենա, ավտոբուսներով ցուցահանդեսի վայր տեղափոխվելու հնարավորություն կունենան։ Վարդանյանը հավելեց նաև, որ Իրանը և Մալայզիան այս տարի ցուցահանդեսին կմասնակցեն մեծ տաղավարով, իսկ համաժողովին միջազգային մեծ մասնակցություն է ապահովված լինելու։
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրենը նշեց, որ համաժողովի օրերին նախատեսվում է Եթովպիայի հետ հուշագրի ստորագրում՝ այնտեղ «Արմաթ» ինժիներական լաբորատորիաներ ներդնելու համար։
Ըստ «Յուքոմ»-ի տնօրեն Հայկ Եսայանի՝ թե՛ ցուցահանդեսը, թե՛ համաժողովի անցկացումը մի երկրում շատ կարևոր է։
«Եվ ինչպես նշեց պարոն Վարդանյանը, որ չստացվեց երկուսը մի տեղում անցկացնել, կարծում եմ նաև ձեռքբերում է, որ այնքան ենք մեծացել, որ երկրում չկա մի տարածք, որտեղ հնարավորություն չկա տեխնոլոգիական մեր ներուժը ցույց տալու համար։ Սա արդեն առիթ է մեզ համար, որ մենք իրոք կայացել ենք և առաջ ենք շարժվում»,- ընդգծեց նա։