Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

Սանկտ Պետերբուրգից Փարիզ տանող ճանապարհն անցնում է Երևանով․ «Հայֆեստ»-ի եռուզեռը սկսվել է․ լուսանկարներ (տեսանյութ)

Ճամպրուկներ, որ վերածվում են գնացքների, թասեր, որ ծառայում են որպես երաժշտական գործիք, սպիտակ «պոմպոնների» հրավառություն, ջազային ու ռետրո ռիթմեր: Սանկտ Պետերբուրգից դեպի Փարիզ տանող ճանապարհը, պարզվում է, կարող է անցնել Երևանով:

Սանկտ Պետերբուրգի «Միմո Կրոկոդիլ»  թատերախումբը ներկայացրեց Ալեքսեյ Չայնիկովի «Ճանապարհորդությունը», որով էլ սկսվեց «Հայֆեստ» միջազգային թատերական 17-րդ փառատոնի եռուզեռը: Այսօր ևս Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի մուտքի մոտ «Միմո Կրոկոդիլը» կներկայանա, այս անգամ՝ «Լուննի» բեմադրությամբ:

Բացօթյա ներկայացումներն իրոք առանձնակի հմայք են հաղորդում  այս փառատոնին, և մի քանի ներկայացման հարթակ են ծառայելու Հյուսիսային պողոտան, Ազգային ժողովի տարածքը, նաև մետրոյի երիտասարդական կայարանի  սպասասրահը:

Բացման ներկայացումը Ռյազանի պետական դրամատիկական թատրոնի բեմադրած «Ֆաուստն» է՝ հավերժ և միշտ ակտուալ, «մանավանդ մեր օրերում, ժամանակակից կենսակերպով ապրող մարդու համար, որին ամեն քայլին սպասում են նորանոր գայթակղություններ»,- ասում է թատրոնի տնօրեն Սեմյոն Գրեչկան: 

Մեկ շաբաթ երևանյան թատերասերները կարող են դիտել դրամատիկական, երաժշտական, պարային, մանկական, տիկնիկային, կրկեսային, վիզուալ ներկայացումներ:

Փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանի խոսքով,  պարզվում է, որ «Հայֆեստը» նախապես հայտարարած 35-ի փոխարեն ներկայացնելու է 48 բեմադրություն, իսկ 14 հարթակի փոխարեն 18 հարթակ է:

Ինչպես միշտ բազմազան, բազմաշերտ ծրագիր է սպասվում՝ երաժիշտներ, որ սկսում են պարել, աշխարհընկալումներ, որ զուգակցվում են, սելֆիներ անող մարդիկ՝ բանտարկյալների ֆոնի վրա: 

Հիշեցնենք, որ Եվրոպական փառատոների ասոցիացիայի կողմից «Հայֆեստը» ճանաչվել է թատերական լավագույն փառատոն և  ընդգրկվել 24 լավագույնների ցանկում: