Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport urartu
A A
Սպորտ

«Ուրարտուի» բոլոր առաջարկություններն անպատասխան են մնացել․ ակումբի սեփականատեր (տեսանյութ)

«Ես գոհ եմ նախորդ մրցաշրջանի արդյունքներից։ Մենք գրավեցինք 3-րդ տեղը, բրոնզե մեդալներ նվաճեցինք։ Բայց ամենակարևորն այն է, որ բարելավեցինք ակումբի ենթակառուցվածքը։ Անցած մրցաշրջանի ընթացքում լիովին փոխեցինք մարզադաշտի խոտածածկը, տեղադրինք դրենաժային համակարգ, լուսավորություն, այդ թվում նաև մարզումային խաղադաշտերում։

Նոր մրցաշրջանն անհաջող ենք սկսել։ 700 հազար դոլար ենթակառուցվածքների վրա ծախսելուց հետո դժվար էր նոր խաղացողներ ձեռք բերել և ուժեղացնել կազմը։ Բայց մենք որոշեցինք գումարները ծախսել ոչ թե արտասահմանցի ֆուտբոլիստների, այլ մեր ենթակառուցվածքների վրա, դրանով իսկ մտածելով մեր երեխաների մասին», - այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ջևան Չելոյանցը։

Այնուհետև նա անդրադարձավ հայկական ֆուտբոլի խնդիրներին։ Ըստ Ջևան Չելոյանցի, ակումբները պետք է փոխհատուցեն բոլոր ֆուտբոլիստների, այդ թվում պատանիների տեղափոխության համար։

«Եթե դա չլինի, ապա ֆուտբոլի ակադեմիա և դպրոց պահելու իմաստը կորում է։ Մենք առաջարկությամբ դիմել են ՀՖՖ փոխնախագահ Մելիքբեկյանին, բայց ոչ մի պատասխան չենք ստացել», - ասաց նա։

Հայկական ֆուտբոլի երկրորդ խնդիրը Ջևան Չելոյանցը համարում է մրցավարությունը, ընդ որում, ոչ միայն բարձրագույն լիգայում, այլև՝ բոլոր տարիքային մրցաշարերում։

Երրորդ խնդիրը առաջնության խաղացանկն է, որը մինչև վերջ պատրաստ չի և հայտնի չեն բոլոր խաղերի անցկացման կոնկրետ օրերը։ «Ուրարտուի» սեփականատերը դա բացատրում է ՀՖՖ-ի ղեկավարության կամ ցանկության բացակայությամբ, կամ՝ չիմացությամբ։

Չորրորդ մտահոգող հարցն այն է, որ Հայաստանում բացակայում է ֆուտբոլի պետական աջակցությունը։

«Մենք Երևանի քաղաքապետարանին խնդրել էինք կոնկրետ հողատարածք հատկացնել, որտեղ ես պատրաստ էի կառուցել նոր մարզադաշտ և մեծ զբոսայգի։ Մեզ ասացին, որ այդ տարածքում նախատեսված է կառուցել 70 հարկանի շենք։ Մենք ասացինք, որ պատրաստ ենք դիտարկել այլ տարբերակներ, սակայն այդպես էլ պատասխան չստացանք», - պարզաբանեց ակումբի սեփականատերը։

Ջևան Չելոյանցը լուրջ խնդիր է համարում նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից բարձրագույն և առաջին լիգայի առաջնությունների անցկացումը։

«Այդ առաջնությունները պետք է անցկացնի պրոֆեսիոնալ լիգան, եթե, իհարկե, մենք մեզ համարում ենք պրոֆեսիոնալ ակումբներ։ Իսկ եթե մեր առաջնությունը սիրողական է, ապա դա լրիվ այլ պատմություն է։ Ակումբները պետք է մտածեն պրոֆեսիոնալ լիգայի ստեղծման մասին, բայց պետք է գործել, այլ ոչ թե միայն խոսել», - եզրակացրեց «Ուրարտուի» սեփականատերը։