Անցած տարի մենք սխալ թույլ տվեցինք․ «Փյունիկի» սեփականատեր
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը գտնում է, որ Հայաստանի ակումբային ֆուտբոլում եթե կտրուկ փոփոխություններ տեղի չունենա, ապա իմաստ չունի թիմ պահել բարձրագույն խմբում և նոր ներդրումներ կատարել ակումբի վրա։
«Մեկ տարի է, ինչ փոխվել է ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը։ Ես, որպես ակումբի սեփականատեր, մեծ ակնկալիքներ ունեի այդ փոփոխությունից։ Իհարկե, որոշ բարեփոխումներ տեղի են ունեցել այդ ընթացքում, սակայն դեռևս շատ են խնդիրները։ Առաջինը կապված է լեգեոնականների թվի սահմանափակման հետ։ Դրա պատճառով ակումբները սկսել են իրարից ֆուտբոլիստներ «փախցնել»։ Օրինակ, անցած օգոստոսին «Արարատ-Արմենիան» մեր վեց պատանի ֆուտբոլիստներին «վերբովկա» է արել, որի համար մենք չնչին գումար ենք ստացել, քանի որ նրանք դեռ չափահաս չէին և պայմանագիր չունեին։ Մենք կարծում ենք, որ ֆեդերացիան պետք է որոշակի օրենսդրական փոփոխություններ կատարի այդ հարցը կարգավորելու համար»։
Երկրորդ խնդիրը դա պրոֆեսիոնալ լիգայի բացակայությունն է, որը թույլ չի տալիս ավելի անկախ դարձնել առաջնությունը և հարցեըը լուծել առանց կողմնակի միջամտության։
Երրորդ խնդիրը, ըստ Արթուր Սողոմոնյանի, դա մրցավարությունն է։ Նա միանշանակ նշում է, որ այդ ուղղությամբ ֆեդերացիան բացարձակ ոչ մի բարեփոխում չի կատարել։
«Մեզ վերջերս զարմացրեց ֆեդերացիայի կայացրած որոշումը, ըստ որի Արտակ Սիմոնյանը կրկին սպասարկելու է բարձրագույն խմբի խաղերը, չնայած այն բանին, որ անցած առաջնության «Լոռի» - «Փյունիկ» խայտառակ խաղից հետո նա հեռացվել էր մրցավարությունից, իսկ ֆեդերացիան ներքին հետաքննություն էր սկսել։ Սակայն, տուժած կողմին առանց հետաքննության արդյունքները հայտնելու, ֆեդերացիան ինքնուրույն որոշում է կայացրել։ Եթե այդ մրցավարը նորից նշանակվի «Փյունիկի» հանդիպման խաղավար, ապա ես թիմին կարգելեմ խաղադաշտ մտնել», - ասաց ռուսաստանաբնակ գործարարը։
Հայկական ֆուտբոլի չորրորդ խնդիրը Արթուր Սողոմոնյանը տեսնում է խաղադաշտերի սակավության մեջ․ «Մենք չգիտենք, թե որտեղ ենք հանդես գալու առաջնության գարնանային հատվածը, քանի որ ֆեդերացիան որոշել է փոխել «Հանրապետական» մարզադաշտի խոտածածկը, որտեղ անցկացնում ենք մեր տնային հանդիպումները», - շարունակում է «Փյունիկի» սեփականատերը։
Ֆուտբոլային ղեկավարը լուրջ խնդիր է համարում նաև այն, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեում չկան ֆուտբոլային մարդիկ։
«Անցած տարի մենք սխալ թույլ տվեցինք և անծանոթ մարդու թեկնածություն առաջադրեցինք ակումբից։ Այժմ շատ է զգացնել տալիս ակումբի ներկայացուցչի բացակայությունը ՀՖՖ գործադիր կոմիտեում», - եզրակացրեց Արթուր Սողոմոնյանը։