Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

ՍԴ անդամը չի պատրաստվում հրաժարական տալ (տեսանյութ)

«Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ նախաձեռնության կապակցությամբ որեւէ հարցի չեմ պատասխանի, որովհետեւ իմ ցանկացած պատասխան կարող է ընկալվել որպես նախնական կարծիքի արտահայտում, որի իրավունքը ես չունեմ»,-այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը:

«Եթե ես ասեմ, որ այդ փաստաթղթում ներկայացված դրույթները ընդունելի են կամ ընդունելի չեն, դա նշանակում է՝ ես կկաշկանդեմ գործի քննությանն իմ մասնակցությունը: Կասկած մի ունեցեք, որ ՍԴ-ում լինելու է օբյեկտիվ քննություն»,-ասաց նա՝ հավելելով. «Ոչինչ չի կարող ինձ կաշկանդել որեւէ գործ քննելուն եւ անաչառ որոշում կայացնելուն»:

ՍԴ անդամն անդրադարձավ նաև Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ ՍԴ որոշմանը, որը երկակի մեկնաբանությունների պատճառ դարձավ։ Նա նշեց՝ ՍԴ որոշումները կոլեգիալ մարմնի որոշումներ են, որը ենթադրում է, որ դրանք կարող են ընդունվել անգամ 5-4 հարաբերակցությամբ, բայց որոշում է մեծամասնությունը:

Ինչ վերաբերում է ՍԴ դատավորների վաղաժամկետ թոշակի գնալու վերաբերյալ նախաձեռնությանը՝ ՍԴ անդամն ասաց, որ չի պատրաստվում օգտվել այդ առաջարկից եւ գնալ թոշակի.

«Ես կարող եմ խոսել իմ անունից և հայտարարում եմ, որ ես չեմ պատրաստվում հրաժարական տալ»,- հայտարարեց Գյուլումյանը։