Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Երևանում համտեսեցին աշխարհի ամենամեծ գաթան. լուսանկարներ

Երևանում պատրաստվել է աշխարհի ամենամեծ գաթան։ «Երեմյան փրոջեքթս» ընկերությունն այս տարի ևս կազմակերպել էր գաթայի համտես-հյուրասիրություն՝ Կարապի լճի հարևանությամբ։

«Աշխարհի ամենամեծ գաթա» միջոցառման նպատակն է ներկայացնել, ավելի ճանաչելի դարձնել հայկական ավանդական գաթան ու ամենամյա համտես-հյուրասիրությունը դարձնել քաղաքային ավանդույթ, սպասված իրադարձություն երևանցիների, հյուրերի և զբոսաշրջիկների համար։

«Երեմյան փրոջեքթս» ընկերության տնօրեն Դավիթ Երեմյանի խոսքով՝ այս միջոցառումը նախորդ տարվա միջոցառման շարունակությունն է։ Մեկ տարի առաջ թխված գաթան գրանցվեց  Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհում ամենամեծը։ Այն կշռում էր 368կգ, երկարությունը 60 մ էր։

«Այս տարի մենք գերազանցել ենք մեր ռեկորդը և 410 կգ կշռող, 65 մետր երկարությամբ գաթա ենք ներկայացրել։ Այս միջոցառումը նվիրվում է Երևան քաղաքի տոնին։ Նման միջոցառումները մենք փորձում ենք կազմակերպել, որպեսզի հետաքրքրացնենք մեր քաղաքի բնակիչների և հյուրերի առօրյան»,- ասաց Դավիթ Երեմյանը։

Գաթայի երկարության չափումից հետո, սակայն, պարզվեց, որ նրա երկարությունը նույնիսկ գերազանցում է նախատեսված 65 մետրը։

Գաթայի առաջին կտորը կտրեցին Դավիթ Երեմյանը և Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը։

«Սա Երևանի և Երևանցիների համար շատ կարևոր և կենտրոնական  տեղ է։ Կարապի լճում կազմակերպել ենք մեր ազգային ավանդույթներին համարժեք հետաքրքիր միջոցառում, որը նվեր է մեզ բոլորիս, Երևան քաղաքին և մեր բոլոր հյուրերին՝ մայրաքաղաքի տոնին ընդառաջ»,- նշեց Վիկտոր Մնացականյանը։