Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Աստված չանի՝ Մխիթարյան Արան մահանա. մի խումբ սպաներ հավաքվել են Կառավարության շենքի առջև (տեսանյութ)

Պահեստազորի մի խումբ սպաներ հավաքվել են Կառավարության շենքի առջև։ Նրանք այստեղ են եկել՝ ի աջակցություն սեպտեմբերի 18-ին ծեծի ենթարկված պահեստազորի փոխգնդապետ Արա Մխիթարյանի։ 
 
Նրենց պահանջն է գլխավոր դատախազին ու ոստիկանապետին, որպեսզի արդար քննություն ընթանա այս գործով։ 
 
«Աստված չանի՝ Արա Մխիթարյանը մահանա. թող գնան Նախիջևան», - լրագրողների հետ զրույցում ասաց պահեստազորի փոխգնդապետ Կարեն Հակոբյանը՝ դիմելով ծեծի մասնակիցներին։
 
Նրանց խոսքով՝ Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի միջամտությամբ քննությանը խոչընդոտելու քայլեր են կատարվում։ Նրանց պահանջներից է, որպեսզի Սարգսյանի լիազորությունները մինչև քննության ավարտը կասեցվեն։ Տրդատ Սարգսյանը, ըստ հավաքվածների, ներկա է եղել միջադեպին, չնայած հերքում է։ Հակոբյանը հարց բարձրացրեց, թե մարզպետի շքախմբի անդամներն ինչո՞ւ չեն անցել դատաքննչական փորձաքննություն՝ օրգանիզմում ալկոհոլի առկայության համար։ 
 
Ակցիայի մասնակիցներն այս դեպքը նույնացրեցին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպերի հետ։ 
 
Ակցիայից հետո պահեստազորի սպաները գնալու են հիվանդանոց՝ տուժածի հարազատներին տեսակցելու։ 
 
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին, ժամը 00։08-ին, Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում միջադեպ էր տեղի ունեցել, որին մասնակից էր նաև եղել  մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը: Կռիվ էր եղել և միջադեպի ժամանակ տուժած Պաշտպանության նախարարության փոխգնդապետ Արա Մխիթարյանը ծեծից  հետո տեղափոխվել է ՊՆ Կենտրոնական կլինիկական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք․ ներկայումս կոմայի մեջ է։
 
Միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Հարություն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու համար: Նա կալանավորվել է: 
 
 Փոխգնդապետի հարազատները պնդել են, որ միջադեպին մասնակից է եղել նաև Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը՝ մեքենայից դիտելով ծեծկռտուքը։ Սակայն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հերքել է իր մասնակցության հանգամանքը։