Բացել լրահոսը Փակել լրահոսը
_47I1836
A A
Հասարակություն

Հայաստանի և Լիբանանի միջև ստորագրված համաձայնագիրը վավերացման ավարտական փուլում է

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և Լիբանանի պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբը համատեղ մամուլի ասուլիս էին հրավիրել։

Տոնոյանը նախ ողջունեց Լիբանանի պաշտպանական գերատեսչության ղեկավարին ու նրա գլխավորած պատվիրակությանը։

«Հայ-լիբանանական երկկողմ հարաբերությունները հիմնված են երկու երկրների ժողովուրդների երկարամյա բարեկամության, փոխադարձ օգնության, պատրաստակամության և ընդհանուր մոտեցումների վրա, ուստի ունեն լուրջ հեռանկարներ»,- նշեց նա։

Նախարարը նշեց, որ 2018 թվականի նոյեմբերին կատարած այցի ընթացքում ՀՀ-ի և Լիբանանին միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր, որը Լիբանանի խորհրդարանում վավարեցման գործընթացի մեջ է։

«Հայաստանի Հանրապետությունում վավերացումն ավարտված է, և մոտակա ժամանակները ՀՀ նախագահը կստորագրի այն»,- ընդգծեց Տոնոյանը՝ հավելելով, որ համաձայնագիրը 2001 թվականից գործող համաձայնագրի արդիականացված տարբերակն է։

Համաձայնագիրը, նրա խոսքով, ընդգրկելու է ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ավելի լայն շրջանակ։

Պաշտպանության նախարարն ասաց, որ Էլիաս Բու Սաաբի հետ քննարկվել է հայ-լիբանանական համագործակցության կանոնավոր պլանավորման ձևաչափը, փորձի փոխանակումը ռազմա-տեխմիկական տարբեր ոլորտներում, համատեղ վարժանքներ, կրթություն, վերապատրաստում․

«Եվ ամենակարևորը՝ այս ճգնաժամային իրավիճակներում հետախուզական տեղեկատվության փոխանակում։ Կարևորել ենք նաև երկու երկրների ռազմական մշակույթի և պատմության փոխանակման, փոխադարձ իրազեկման միջոցառումների անցկացումը»։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ասաց, որ լիբանանյան գործընկերոջ հետ խոսել է Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացման նպատակներից, խնդիրներից, Լիբանանում Միավորված ազգերի կազմակերպության ՅՈՒՆԻՖԻԼ առաքելությունից՝ նշելով, որ դրանում հայկական կողմի ներգրավվածությունը ոչ միայն զուտ Հայաստանի միջազգային պարտավորությունների իրականացումն է, այլև յուրօրինակ պարտքի վերադարձ Լիբանանի ժողովրդին՝ հարատև խաղաղության հաստատման ջանքերում։