Բացել լրահոսը Փակել լրահոսը
Փաշինյան Նիկոլ
A A
Քաղաքականություն

Արցախը Հայաստան է և վերջ․ Փաշինյանը՝ Ադրբեջանի՝ կոմպրոմիս չենթադրող սկզբունքին ի պատասխան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, Ադրբեջանում Ամերիկայի Միացյալ Նահագների նախկին դեսպան Մեթյու Բրայզայի հարցազրույցին՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ։ 

Փաշինյանն ասաց, որ նախ պետք է հասկանալ, թե ինչ են նշանակում Մադրիդյան սկզբունքները, մասնավորապես՝ կարգավիճակի հարցում։

«Ես հայտարարել եմ, որ Ղարաբաղի հարցի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար։ Ես եղել եմ Հայաստանի առաջին ղեկավարը, ով նման հայտարարություն է արել, որ խոսել է Ադրբեջանի ժողովրդի կողմից»,- հիշեցրեց նա՝ ակնկալելով նույնը ադրբեջանական կողմից։

Վարչապետը փաստեց, որ Ադրբեջանի ղեկավարությունը համանման հայտարարություն չի արել՝ փոխարենը նշելով, որ հակամարտությունը կարող լուծվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանականերում։  

«Քննարկումների ընթացքում, իհարկե, աշխատանքային ոչ պաշտոնական քննարկումների ընթացքում ասվել է, որ Ղարաբաղի կարգավիճակը կարող է լինել տարբեր՝ ընդհուպ Ադրբեջանի կազմից դուրս և այլն»,- նշեց գործադիր մարմնի ղեկավարը։

Վերջինս հավելեց, որ եթե այս ամենի կոնտեսքստում Ադրբեջանն ասում է, որ Ղարաբաղի հարցը կարող է կարգավորվել միայն Ադրբեջանի կոմպրոմիս չունեցող տարածքային ամբողջականության սկզբունքով, ապա  մեր սկզբունքը պետք է լինի՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։  

Նշենք, որ Մեթյու Բրայզան հարցազրույց է տվել վրացական  «STARVISION TV Georgia» առցանց հեռուստաալիքին, որում անդրադարձել է նաև արցախյան հիմնախնդրին: Խոսելով Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունից՝ Բրայզան ասել է, որ Փաշինյանի հայտարարությունը կանգնեցնում է բանակցային գործընթացը: