Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Բոլթոնի հեռացումը կմեղմի վերաբերմունքը Իրանի և Ռուսաստանի հանդեպ. միջազգայնագետ (տեսանյութ)

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի հեռացման պատճառները հիմնականում եղել են ներքաղաքական, քանի որ նրա հարաբերությունները լարված են եղել պետքարտուղարության և անվտանգության ոլորտի այլ հիմնարկների հետ, կարծում է միջազգայնագետ  Սուրեն Սարգսյանը։

Նրա հեռացումը միջազգայնագետի համար սպասելի էր։ Քննարկումներ կան, որ Թրամփը այս քայլին գնաց հիմա, քանի որ նա ցանկանում է Իրանի նախագահի հետ բանակցություններ սկսել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում։

«Որովհետև նախագահները լինելու են Նյու Յորքում հաջորդ շաբաթվա ընթացքում, և մեծ հաշվով Բոլթոնը այն անձնավորությունն էր, որի ներկայությունը ադմինիստրացիայում այդ կարևոր պաշտոնին խանգարում էր, նաև սրանով կարող է պայմանավորված լինել»,- ասաց նա։

Միջազգայնագետը կարծում է, որ ՋոնԲոլթոնի հեռացումը Հայաստանի վրա որևէ ազդեցություն չի կարող ունենալ։

 «ԱՄՆ-ն քաղաքականություն չի փոխելու մեր տարածաշրջանի նկատմամբ։ Մի քիչ մեղմ կլինի Իրանի նկատմամբ, ինչը Հայաստանի համար լավ է։ Մենք կարող ենք Իրանի հետ ավելի խորը հարաբերություններ ունենալ, երբ սանկցիաները հանվեն։ Նույնը վերաբերում է Ռուսաստանին, եթե սանկցիաները հանվենն շատ էֆեկտիվ կլինի մեր տնտեսության համար։ Ե՛վ Իրանի, և՛ Ռուսաստանի տնտեսության զարգացումը միանշանակ մեզ համար շատ օգտակար է»,- ասաց նա։