Բացել լրահոսը Փակել լրահոսը
70809880_524793324942678_8048973552579248128_n
A A
Հասարակություն

Գնդեվազի բնակիչները նկատել են, որ ծորակից արդեն աղտոտված ջուր է գալիս․ բնապահպան (տեսանյութ)

Ամուլսարի շահագործման դեպքում բնապահպանական խնդիրներին ու հնարավոր վտանգներին անդրադարձան բնապահպաններ Ինգա Զարաֆյանը եւ Քնարիկ Հովհաննիսյանը։

«Ինձ  մոտ այնպիսի տպավորություն է, որ մեր կառավարությունը ուզում է այդ հանքը շահագործել՝ անկախ նրանից՝ ինչ ռիսկեր են սպասվում մեր հանրապետության տարածքում»,- ասում է Քնարիկ Հովհաննիսյանը։

Բանախոսը նշում է՝  այդ ռիսկերի մասին բազմիցս ասվել է, դրանք անվերականգնելի են։ Քնարիկ Հովհաննիսյանը նշում է, որ  հատկապես ջրային ռեսուրսը շատ նուրբ էկոհամակարգ է, որը ունի «համբերության աստիճան»․

«Սահմանն անցնելու դեպքում այն չի վերականգնվում, այլ միանգամից փլուզվում է։ Ասում են՝ բնությունը լուռ է մահանում,մենք պետք է օգնենք նրան»,- ասաց նա։

Բնապահպանները նշում են, որ երկրում առկա է մակերևութային հոսք, որը հնարավոր չէ կառավարել, ուղղել։ Գարնանային վարարումների ժամանակ, արդեն առաջացած ձորակների միջոցով, աղտոտված ջրերը կհասնեն Կեչուտի ջրամբար, որն էլ իր հերթին սնում է Սևանը։

«Նույնիսկ հիմա գյուղացիները բողոքում են, որ  կենդանիները չեն կարողանում օգտվել արոտավայրերից, իսկ Ջերմուկի Գնդեվազ գյուղի բնակիչները նկատել են, որ ծորակից արդեն աղտոտված ջուր է գալիս»,- նշեց Քնարիկ Հովհաննիսյանը։

Բնապահպան Ինգա Զարաֆյանը կարևորում է պատասխանատվության բարձրացման  հարցը, որի բացակայության դեպքում մենք հանքարդյունաբերության ոլորտում ավելի վատ իրավիճակ կտեսնենք․

«Այստեղ պետք է աշխատեն պատգամավորները, որոնք ունեն շատ մեծ լծակներ, և նրանք պետք է ընդունեն օրենքներ, որոնք չեն նպաստի հանքարդյունաբերությանը»։

Բնապահպանի խոսքով՝ ի վերջո, պետք է կառավարությունը պատասխանատվության ենթարկի նրանց, ովքեր մյուս հանքավայրերում  խախտումներ են թույլ տվել,  փաստերով հավաստիացնի, որ ամեն ինչ լավ կլինի, որպեսզի իրենք հավատան։

Ըստ բնապահպանների՝ Ամուլսարում  խախտված տարածքները վերականգնելու և կրկին անվնաս վիճակի բերելու աշխատանքները կտևեն 100 տարի, սակայն միչ դա սերունդեր են փոխվելու, որոնք խմելու են աղտոտված ջուր։